Կիպրոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները կիպրոսյան թուրքերի առաջնորդի հետ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունի զանգից հետո պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները կիպրոսյան թուրքերի առաջնորդ Մուսթաֆա Ակինջիի հետ` Կիպրոսի հակամարտության կարգավորման հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ավելի վաղ Անաստասիադիսը չեղյալ էր համարել այցը Թուրքիա` պաշտոնական Անկարայի կողմից արարողակարգի խախտման պատճառով: Նշվում է, որ Անաստասիադիսը հրաժարվել է մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած ճաշին, քանի որ հրավիրված է եղել նաև Կիպրոսի թուրքերի առաջնորդը:
Միևնույն ժամանակ, Կիպրոսի նախագահը չեղյալ էր հայտարարել ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպումը և Մուսթաֆա Ակինջիի հետ բանակցությունների հերթական փուլը, որը պետք է կայանար մայիսի 27-ին:
Մայիսի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է Կիպրոսի նախագահին` կապված վերջին իրադարձությունների հետ: Նա հիշեցրել է, որ Կիպրոսի հարցում ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Պան Գի-Մունը կողմերին կոչ է արել փոխադարձ հարգանքի պայմաններում ավելացնել ջանքերը Կիպրոսի միավորման համար ու վերջ դնել անընդունելի ստատուս քվոյին:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում