Էկվադորցի խորհրդարանականները դատապարտում են ցեղասպանությունների ժխտումը
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս բարեկամական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ, աշխատել բոլորի հետ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և խստորեն դատապարտում է ցեղասպանությունները: ՀՀ Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակ Ռոսաննա Ալվարադոն: «Մենք պետք դատապարտենք նաև ցեղասպանությունների ժխտողականությունը: Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ մենք այսօր այստեղ ենք: Մենք չենք կարող մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ, չենք կարող մոռանալ հայ ժողովրդի ցավը: Մենք պետք է կիսենք այն ձեզ հետ, որովհետև սա առնչվում է համայն մարդկության իրավունքներին: Մեր ցանկությունն է աշխարհի բոլոր ժողովուրդների հետ միասին հասնել խաղաղության, պայքարել մարդու իրավունքների պաշտպանության, մարդկային արժեքների պահպանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալվարադոն:
Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակը հավելեց, որ իր գլխավորած պատվիրակության հետ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, շրջել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: «Անհնար է անտարբեր մնալ այս այցից հետո: Մենք այդտեղ տեսանք հայ ժողովրդի ցավը: Մենք ցնցվել ենք այն ամենից, ինչ տեսանք թանգարանում: Դա անհնար է մոռանալ»,- նշեց Ռոսաննա Ալվարադոն:
Եզրափակելով խոսքը՝ Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ ընդունել է Էդուարդ Շարմազանովի առաջարկը և վերադառնալուց հետո Էկվադորի խորհրդարանում կնախաձեռնի Էկվադոր-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքը:
Էկվադորի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն էլ իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին նախնական պատկերացումներ ստացել է գրքերի միջոցով: «Այսօր արդեն, գտնվելով Հայոց ցեղասպանության թանգարանում, գիտելիքներս կրկնապատկվել են: Ինձ համար ուղղակի անհասկանալի է, որ դեռևս աշխարհում շարունակում են տեղի ունենալ նոր ցեղասպանություններ, նոր կոտորածներ: Էկվադորը հարգում է աշխարհի բոլոր կրոնները, և խաղաղությունը պետք է կառուցված լինի հենց բոլոր ժողովուրդների իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա: Սա կարևոր սկզբունք է, որով պետք է ապրի մարդկությունը»,- եզրափակեց էկվադորցի պատգամավորը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում