Պաշտպանության նախարարությունն ու ՏՏ ձեռնարկությունները համաձայնություն են ձեռք բերել առկա խնդիրները լուծել համատեղ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 29-ին հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններով:
Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում