Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն անվանել է այն մարդուն, ում շնորհիվ դեռ մանուկ հասակում սեր է ձեռք բերել գիտության նկատմամբ: Այդ մարդը բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին Հոքինգը խոսել է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը նվիրված ուղերձում:
«Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը: Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:
«Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր են նրանք»,- ընդգծել է գիտնականը:
Տիգրան Թահթան ծնվել է 1928 թվականին: Նա Հայոց ցեղասպանությունից փրկված և Մանչեսթերում հաստատված հայ ընտանիքի զավակ է, ով ստացել է հայկական կրոնական կրթություն:
Նա մաթեմատիկայի ոլորտում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Մահացել է 2006 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում