Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում. Սերժ Սարգսյան

Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր 
պետականաշինության հիմքում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: ՀՀ Նախագահի նստավայրում հունվարի 27-ին կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշել է.  

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականություն ունենք: Այս ողջ ժամանակահատվածում ոչ մի րոպե չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամյա ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել:

Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում: Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք և, լինելով Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն:

Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ մեզ շատ մոտ տարածքներում, ցավալիորեն ծանոթ են մեզ և կրկնվել են պարբերաբար: Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձությունների: Մեր աչքի առջև են դրանք կատարվել վերջին դարերի և առնվազն երկու հազարամյակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն:

Եվ մենք մտանք: Մտանք հանուն մարդու և ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին և ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը և զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր:

Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, և ինքնաբուխ կերպով ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ ու սպաներ, հարգելի՛ վետերաններ,

Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է: Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի:

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Ձեր և ձեր ծառայակիցների շնորհիվ է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը, լուծում իրենց առջև դրված խնդիրները: Դուք դա իրականացնում եք պատվով ու մասնագիտական բարձր մակարդակով:

Դուք արժանավոր հետնորդներն եք նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեջ հիմքերն էին դնում մեր ապագա բանակի: Նրանցից շատերն ընկան՝ մեզ պարգևելով կյանք ու ազատություն: Այսօր՝ այս նվիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև: Դուք այն արժանավորներն եք, ովքեր հավատարիմ են նահատակների պատգամներին և նրանց կտակած արժեքներին:

Աստված պահապան Հայոց հողին:
Փառք հայ ժողովրդին և նրա ռազմիկ զավակներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am