Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պատգամավորը սահմանադրական բարեփոխումները իշխանության գերկենտրոնացումը վերացնելու երաշխիք է համարում

Պատգամավորը սահմանադրական բարեփոխումները իշխանության գերկենտրոնացումը 
վերացնելու երաշխիք է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումներին հարկավոր է «այո» ասել առաջին հերթին իշխանության գերկենտրոնացումը վերացնելու համար: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Մենք պետք է հասնենք նրան, որ մեզ մոտ իշխանության երեք ճյուղերը հավասարակշռվեն, ինչը մինչ այսօր չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու երկրորդ կարևոր հանգամանքը պատգամավորը համարում է անկախ դատական համակարգի ձևավորումը:  «Մեր երկրում կարիք կա իրական ազատ ու անկախ դատական համակարգի ձևավորման, ինչը յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն է»,- հավելեց Վահան Բաբայանը:

Պատգամավորը կարևոր է համարում այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարում է ստանձնելու ընդդիմությունը: «Մեր անկախության 25 տարվա ընթացքում ընդդիմությունը երբեք չի կարողացել լուրջ դերակատարում ստանալ, վերահսկիչ լիազորություններ ունենալ, մասնակցություն ունենալ պետական կառավարման գործընթացին: Այդ ամենն ընդդիմությունը կարող է ունենալ սահմանադրական բարեփոխումներից հետո: Երբ մենք նայում ենք այն լիազորություններին, որոնք տրվելու են ընդդիմությանը, առնվազն անհասկանալի է, էլ ինչ է պետք անել, որպեսզի ընդդիմությունը կողմ լինի փոփոխություններին: Եթե մարդկանց ձեռնտու է առկա իրավիճակը, բնական է, որ նման մարդիկ դեմ կլինեն, սակայն այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոփոխություններ, ովքեր ցանկանում են, որ ընդդիմության լիազորությունները ընդլայնվեն, կասեն «այո» սահմանադրական բարեփոխումներին»,- մանրամասնեց Բաբայանը:

Վահան Բաբայանը վստահություն հայտնեց, որ շատ մարդիկ, ովքեր «այո» են ասում սահմանադրական բարեփոխումներին, հենց այդ փոփոխությունները ցանկանալով են ասում: «Եկեք համախմբված մեր «այո»-ն ասենք և հասկանանք, որ մեր ձեռքերում է մեր երկրի ապագան: Եթե մենք մերժում ենք սահմանադրական բարեփոխումները, ապա մեզ համար լավ է այսօր տիրող իրավիճակը, իսկ ես չեմ հասկանում, թե ում համար այն կարող է լավ լինել»,- եզրափակեց պատգամավորը:

«Ոչ»-ի կողմնակից, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և ՀԱԿ կուսակցությա անդամ Արշակ Մուսախանյանը չհամաձայնեց Վահան Բաբայանի դիտարկումների հետ՝ընդդիմությանը տրվելիք լիազորությունների վերաբերյալ: Նա նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը միշտ էլ ուժեղ է եղել, և միակ բանը, որ խանգարել է ընդդիմությանը, ընտրական գործընթացներն են: Մուսախանյանն այն կարծիքին է, որ ընդդիմությանն իրեն դրսևորելու հնարավորություն պետք է տալ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով, այլ ընդամենը ազատ, մրցակցային ընտրություններով: Նա նաև կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում միակուսակցական կառավարման համակարգ է ձևավորվելու, ինչն անընդունելի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am