Պետք է ակտիվացնել քաղհասարակության մասնակցությունը բոլոր գործընթացներում. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանրային խորհուրդը, մասնավորապես, առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: «Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց նման խորհուրդների ստեղծումը: «Ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում: Կարծում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում