Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սամվել Նիկոյանը կոչ է անում սահմանադրական բարեփոխումներին նայել պետականաշինության տեսանկյունից

Սամվել Նիկոյանը կոչ է անում սահմանադրական բարեփոխումներին նայել 
պետականաշինության տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխություններին հարկավոր է նայել պետականաշինության տեսանկյունից: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունը 2005թ. ընդունել Սահմանադրությունը, որով երկրում հաստատվել է կիսանախագահական կառավարման համակարգ, որը հիմա առաջարկվում է փոխել և դարձնել խորհրդարանական: «Եթե նայում ենք 2005թ. Սահմանադրությունը, անհրաժեշտություն կար փոփոխությունների, և դա ոչ միայն մեր ներքին ցանկությունն էր, այլև մենք անդամակցել էինք Եվրոպայի խորհրդին, և փոփոխությունների կարիք կար: Այն ժամանակ գործող Սահմանադրությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: 2005թ. Սահմանադրությունն էականորեն և շահեկանորեն տարբերվում էր նրանից, ինչ մենք ընդունել էինք 1995թ.: Եթե մինչ փոփոխությունները մեր երկրում ամեն ինչ մեկ անձի ձեռքում էր, ապա դրանից հետո տեղի ունեցավ իշխանության թևերի փոխադարձ տարանջատման և զսպման մեխանիզմների հստակեցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոյանը:

Պատգամավորը նկատեց, որ գործող Սահմանադրությունն ամեն դեպքում իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: «Մի կողմից` իշխանության գերկենտրոնացումը, մյուս կողմից` քաոսային իրավիճակ ստեղծվելու հնարավորությունը: Մենք այս ընթացքում ունեցել ենք իշխանության գերկենտրոնացում: Սակայն մենք կարող ենք ունենալ նաև քաոսաին իրավիճակ: Եթե դուք ուշադիր եք, այս ամբողջ ընթացքում ընդդիմության և լրատվամիջոցների քննադատությունն ուղղված է հենց իշխանությունների գերկենտրոնացմանը: Եթե ավելի ուշադիր լինեք, այն օրերին, երբ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրում, բոլոր լրագրողներն այնտեղ են, որովհետև բոլոր որոշումները, որոնք վերաբերում են մեր պետությանը, ընդունվում են այնտեղ: Ըստ էության, մենք ընդունում ենք, որ այստեղ կուսակցապետության տարրեր կան, իշխանության գերկենտրոնացման տարրեր կան, ինչի արդյունքում շատ հարցեր լուծվում են մեկ կուսակցության կողմից: Այս դեպքում կարող է չգործել հակակշիռների մեխանիզմը: Այս դեպքում մենք ըմբռնումով ենք մոտենում այն քննադատություններին, թե մեզ մոտ իշխանության գերկենտրոնացում է»,- մանրամասնեց Նիկոյանը՝ հավելելով, որ գործող Սահմանադրությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները իշխանության գերկենտրոնացման համար:

Սամվել Նիկոյանը հավելեց, որ այն պարագայում, երբ գրեթե ողջ քաղաքական  դաշտն իր նախընտրական ծրագրերում կարևորել էր խորհրդարանական կառավարման համակարգին և միայն համամասնական ընտրակարգին անցում կատարելը, իշխանություններն ընդառաջ են գնացել և նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունները:

Քննարկմանը ներկա մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները հետքայլ են, քանի որ դրանցով ոչ թե անցում է տեղի ունենալու կառավարման խորհրդարանական համակարգին, այլ միակուսակցական կառավարում ստեղծելու փորձ է արվում: Նրա խոսքով՝ առաջարկվող նախագծում չկա նաև առաջընթաց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am