ՈՒԵՖԱ-ն դեռևս չի դիտարկել վիճակահանությունների ժամանակ ՌԴ-ի ու Թուրքիայի թիմերին բաժանելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն դեռևս որոշում չի կայացրել խոշոր միջազգային մրցաշարարերի վիճակահանության ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի թիմերին բաժանելու հետ կապված: Եվրոպայի 2016 թվականի առաջնության վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 և Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչների վիճակահանությունները կկայանաբ դեկտեմբերի 14-ին:
«Ներկա դրությամբ վիճակահանությունների ժամանակ միմյանցից բաժանելու գործող միակ որոշումը 2014 թվականի հուլիսին ընդունվածն է, որը վերաբերում է Ռուսաստանի ու Ուկրաինայի թիմերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Championat.com-ին տեղեկացրել են ՈՒԵՖԱ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում