Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին

ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին կհրապարակի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, դատավճռի հրապարակումը Ֆրանսիայի ժամանակով 11:45-ին է:

Սա առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ Մեծ պալատը պետք է ցեղասպանության ժխտման վերաբերյալ որոշում հրապարակի: Ըստ բազմաթիվ փորձագետների, դատարանի որոշումը նախադեպային է լինելու հետագայում նմանատիպ գործերի քննարկման ժամանակ:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ.  Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ հերքել է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, այն անվանելով «միջազգային սուտ»:

2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը:

Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Հայաստանը եւ Թուրքիան դատավարությանը մասնակցել են որպես երրորդ կողմ: 2014թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատում կայացել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյվցարիայի» գործով դատավճիռը: Հայաստանի շահերը ներկայացրել են Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր  Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին եւ ՀՀ գկխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծեր են ընդունել նաեւ Սլովակիան, Հունաստանը եւ Կիպրոսը: Նույնաբովանդակ բանաձեւ է մշակվում նաեւ Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am