Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տեղեկատվություն թաքցնելը նույնքան անիմաստ է, որքան մաղով ջուր կրելը. Արամ Անանյան

Տեղեկատվություն թաքցնելը նույնքան անիմաստ է, որքան մաղով ջուր կրելը. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվական նյութերով գումար վաստակելը բարդ գործ է, քանի որ բոլոր ոլորտներում էլ՝մրցունակ, պահանջված ու որակյալ արտադրանքը թանկ արժե: Այդ թվում` նաեւ լուրերը, որոնք մեր գերհագեցած մեդիա դաշտում ապահովում են լրատվամիջոցների օրվա հացը: Հայաստանի ամենահին լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի համար իրավիճակն ավելի կայուն է, քանի որ գրեթե 100-ամյա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը պետական հովանու ներքո է գործում եւ, համենայնդեպս, ֆինանսական հարցերում իրեն ավելի ապահով է զգում, քան մյուս գործակալությունները: «Արմենպրես»-ը երկար տարիներ լուրերի մոնոպոլիստ է եղել (սովետական տարիներին այլ կերպ լինել չէր կարող), իսկ հիմա ստիպված է մրցակցել: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը media.am-ի հետ զրույցում նշել է, որ դա դրական կողմեր ունի, քանի որ թույլ է տալիս հասկանալ սեփական արտադրանքի որակն ու կշիռը: Նա առավելություն է համարում այն փաստը, որ «Արմենպրես»-ը հիմնականում հայալեզու հատվածի համար է աշխատում: Շուրջ 40 աշխատակից ունեցող գործակալությունը (որից մեկ քառորդը Երեւանի ու մի քանի մարզերի լրագրողներ են) մեծ նշանակություն է տալիս թարգմանական բովանդակությանը: Անգլերեն ու ռուսերեն տարբերակաների հետ մեկտեղ հիմա փորձարկվում է նաեւ արաբերեն բաժինը: Գործակալության օրվա ժապավենը կազմված է լինում մոտավորապես 180 լուրից, որոնք արտացոլում են եւ՛ տեղական, եւ՛ միջազգային իրադարձությունները:

-Հիմա այնքան շատ են լրատվամիջոցները, որ թվում է՝ գործակալությունից լուր գնելու կարիք չկա: Յուրաքանչյուր մեդիայի լրագրող ինքը կարող է լուր գրել: Մանավանդ, որ ամենօրյա ինֆորմացիան էլ մեծ ծավալի չէ:

-Գործակալությունից լրահոս գնելով՝ մեդիան խնայում է իր ժամանակն ու ֆինանսական միջոցները եւ կարողանում է ավելի արդյունավետ կառավարել իր ռեսուրսները: Այսինքն՝ գործակալության հետ համագործակցությունն ունի բացահայտ տնտեսական հիմնավորում:

Բացի այդ՝ մենք թղթակցային ցանցի միջոցով արտադրում ենք նաեւ բացառիկ բովանդակություն: Օրինակ՝ վերջերս մեր թղթակիցը Բրյուսելից լուրեր էր մատակարարում Եվրոպական խորհրդարանից, եւ դա իրոք պահանջված էր բաժանորդների կողմից:

Իհարկե, լրատվության վաճառքը բարդացել է, քանի որ թե՛ լրատվական հոսքերն են ավելի բազմազան դարձել, թե՛ պահանջներն են փոխվել: Բայց մենք փորձում ենք պահպանել լրագրողական ստանդարտները:

-Արդյո՞ք տեղի չի ունենում հավասարեցում, երբ լրատվամիջոցները հիմնվում են նույն գործակալության լրահոսի վրա:

-Իրականում դա նորմալ աշխատանքային մոդել է, աշխարհում էլ լրատվամիջոցների լրահոսներում լուրջ տոկոս են կազմում գործակալությունների լուրերը: Եվ որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, թե ինչու են շատ, ասենք, «AP»-ի («Ասոշիեյթիդ Փրեսի») լուրերը:

Մեծ հաշվով՝ ամենօրյա մեդիա միջոցառումների (հիմնականում՝ ասուլիսների) լուսաբանման համար աշխատուժ ծախսելու կարիք չկա: Կարելի է ստանալ ժապավենն ու հետո դրա հիման վրա կառուցել սեփական բովանդակությունը:

Բացի այդ՝ հիմա շատ է կարեւորվում լուրերի ստուգումը (հատկապես սոցիալական ցանցերի ու նոր մեդիայի զարգացման պայմաններում): Լուրերի ճշտումն ու ստուգումը՝ verification-ը, անհրաժեշտություն են, մանավանդ, երբ մեծ է չստուգված լուրերին հանրային հնչեղություն տալու գայթակղությունը: Երբեմն անտեսվում է, որ չստուգված լուրերի հրապարակումն ի վնաս է թե՛ լրատվամիջոցին, թե՛ բարձրացրած թեմային:

Գործակալությունները լուրի ստուգման իրենց մեխանիզմներն ունեն ու փորձում են լինել եւ՛ արագ, եւ՛ հավաստի:

-Ինչպե՞ս եք ձեր գործակալությունում ապահովում լուրերի ստուգումը, թեկուզ, ասենք, Բրյուսելից:

-Ցանկացած կարծիք կամ մեկնաբանություն ապահովում ենք աուդիո եւ վիդեո ձայնագրությամբ: Իսկ երբ որեւէ աղբյուրով չի ստացվում հավաստել տեղեկությունը, ուղարկում ենք մարդ, որ գնա ու տեղում տեսնի կատարվածը:

Ստուգման գործիքներից մեկը ձայնագրությունների պահպանումն է: Բոլոր ձայնագրությունները պահպանվում են առնվազն մեկ ամիս (ավելի երկար հնարավոր չէ, քանի որ արխիվները հսկայածավալ են): Ենթադրում ենք, որ այդ ժամկետը բավարար է հնարավոր անախորժություններից խուսափելու ու ապացույցներ ներկայացնելու համար:

-«Արմենպրես»-ն ամբողջությամբ պետական կառույց է եւ ապահովագրված է շուկայի քմահաճույքներից: Հնարավո՞ր է արդյոք մեր պայմաններում գումար աշխատել լուրեր վաճառելով:

-Կարելի է, բայց, անկեղծ ասած, առանց պետության աջակցության, դա շատ բարդ կլինի: Ամենօրյա լուրերի ժապավենը շահավետ ու կենսունակ մոդել է, մանավանդ, որ մեզ մոտ դինամիկ աճում է ինտերնետային լրատվամիջոցների շուկան:

Իհարկե, երբ գործակալությունը պետական բաժնեմաս ունի, այն կարող է իրեն թույլ տալ պակաս սկանդալային լինել ու պահպանել ակադեմիական լրագրողական չափանիշները, քանի որ գիտի՝ իր հիմնական կարիքները կախված չեն թեժ լուրերից:

-Պետական հովանու ներքո աշխատելն, իհարկե, հարմար է, քանի որ ֆինանսական զրահ կա: Բայց կարծում եմ՝ կան նաեւ ռիսկեր: Այդպես չէ՞:

-Շատ բան կախված է պետությունից: Պետական գործակալություն լինելով՝ կարելի է վերածվել քարոզչական գործիքի, բայց կարելի է նաեւ հակառակն անել՝ բազմակարծության գործիք դառնալ:

Ժամանակակից աշխարհում, երբ լուրերն առավել առեւտրականացվում են, հաճախ տեսնում ենք, որ թերթերում կամ հեռուստաեթերում կարեւոր լուրերի համար տեղ չի գտնվում: Իսկ պետական գործակալությունը լրացնում է այդ բացը՝ հաղորդակցության դեր կատարելով: Այն իր գործընկերներին դրդում է հետեւել, պրպտել, հետարքրքվել նաեւ այլ՝ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվությամբ:

-Իսկ եթե պետության որոշումն ի շահ հանրությա՞ն չի լինում:

-Մեր գործը լրագրությունն է, իսկ գնահատականներ թող տան փորձագետները: Մենք արտադրում ենք լրատվություն, իսկ այն երբեք չի կարող լինել սեւ ու սպիտակ: Լրագրությունը թթվածնի պես գույն ու հոտ չունեցող նյութ է, իսկ գունավորումներն արդեն տալիս են ընթերցողները:

Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ լրագրության ագրեգատային վիճակը մաքուր է (չեմ ուզում ասել՝ չեզոք), իսկ այդ մաքուր նյութի մեջ տարբեր տարրեր տեսնելն արդեն յուրաքանչյուրի գործն ու իրավունքն է:

-Ունե՞ք բաժանորդներ արտասահմանյան լրատվամիջոցների կամ գործակալությունների շարքում:

-Ազգային լրատվական գործակալությունները կիրառում են լուրերի ժապավենի փոխանակում: Եվ մենք հիմա համագործակցում ենք շուրջ 20 գործակալությունների հետ, նաեւ հրապարակում ենք երկկողմանի հետաքրքիր տեղեկություններ, միասնական լուրեր, որոնք երբեմն դառնում են համաբրենդային արտադրանք:

Ընդհանրապես բոլոր գործակալությունների լուրերի կառուցման ձեւաչափն ու տրամաբանությունը նույնն են՝ պիտի լինի լիդ, իր տեղում արված մեջբերում, պահպանվի համատեքստը, նախապատմությունը: Եվ մեր արտադրանքը համադրելի է միջազգային  ստանդարտներին:

-Դրսի ու ներսի համար արված լուրերը տարբերվու՞մ են: Գործու՞մ եմ ինֆորմացիոն ֆիլտրերը:  

-Անկեղծ ասեմ՝ 21-րդ դարում տեղեկատվություն թաքցնելը նույնքան անիմաստ է, որքան մաղով ջուր կրելը կամ էլ Սիզիփոսի պես քարը սարի գագաթը հասցնելը: Հասցնում ես գագաթին, քարը գլորվում է: Այսինքն՝ եթե չխոսես որեւէ երեւույթի մասին, դա չի նշանակում, որ երեւույթը կվերանա:

Եթե լուրը կա, ու այն հետաքրքրում է բաժանորդներին, ապա առանց միջամտության թարգմանվում է այլ լեզուներով: Տեղեկատվություն թաքցնելն անշնորհակալ գործ է:

-Հայաստանյան հատկապես ո՞ր լուրերն են մեծ ուշադրության արժանանում աշխարհում:

-Եթե հաշվի չառնենք խոշոր քաղաքական ու տնտեսական նորությունները (նաեւ ընտրությունները), ապա կայուն հետաքրքրություն են ներկայացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունները, նոր դրամանիշների կամ դրոշմանիշների թողարկումը, որը հետաքրքրում է մեծ թվով նումիզմատներին ու ֆիլատելիստներին:

Թվում է, թե դրանք ներքին օրակարգում կարեւոր լուրեր չեն, բայց շատ են տարածվում: Միշտ պահանջարկ ունեն վիճակագրական տվյալները, պեղումների մասին լուրերը, գտածոների հայտնաբերումը:

Օրինակ՝ մեզ համար շատ անսպասելի էր, երբ անգլալեզու բաժնում մեծ քանակի հղումներ ստացավ այն լուրը, թե ինչպես են Հայաստանի դպրոցներում կազմակերպվում ռոբոտաշինության դասերը:

-Պեղումներն ու դասերը հայաստանյան լրահոսում հազվադեպ են տեղ գտնում: Հայաստանում ամենաընթերցվողը, թերեւս, քաղաքական լուրերն են:

-Այո, քաղաքականությունն ու ավտովթարների մասին լուրերը: Ես դրանք անվանում եմ «ստերիլ լուրեր»: Մենք, օրինակ, փորձում ենք հնարավորինս ձերբազատվել վթարների մասին լուրերը ժապավենում ընդգրկելուց:

-Վթարների մասին լուրերը բարձր դիտելություն՝ թրաֆիք, ունեն:

-Թրաֆիք ձեռքբերելու բոլոր ազնիվ ու անազնիվ ճանապարհները հայտնի են: Ինձ ավելի հետաքրքրում է մեր լրատվական արտադրանքին արված հղումները, ինչը կշիռ է հաղորդում գործակալությանը:

-Իսկ հնարավո՞ր է, որ զանգեն պետական այրերն ու ասեն՝ այս լուրը մի հրապարակեք: Կամ էլ հրապարակեք ա՛յս շեշտադրումներով:

-Այս չորս տարիների ընթացքում, ինչ աշխատում եմ «Արմենպրես»-ում, նման դեպք չի եղել:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am