Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի 
երկու փուլով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3-4 ամիս տևողությամբ 2017-ին և 2018-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` նշելով, որ նախապես պայմանավորվածություն է եղել ամբողջ աշխատանքը կատարելու համար ատոմակայանը կանգնեցնել 6-7 ամսով, բայց որոշումը փոփոխվել է: «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը Հայաստանում, մենք լուրջ ուսումնասիրություններից հետո եկանք այն կարծիքին, որ ատամակայանը կարելի է կանգնեցնել երկու փուլով` երեքից չորս ամիս տևողությամբ: Առաջին երեք ամիսը` 2017-ին, երեք-չորս ամիսը` 2018-ին` դրանով մեղմելով սակագների վրա ազդեցությունը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքերին: «Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016-ին: Ժամկետների առումով փոխադարձ համաձայնություն կա, և մենք հուսով ենք, որ նաև կկատարվի որակով աշխատանք, քանի որ «Ռոսատոմ« ընկերությունն ունի մեծ փորձ այդ բնագավառում»,-հայտնեց Երվանդ Զաքարյանը` նշելով, որ աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիտորինգ:

«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքով` լայն համագործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, և աշխատանքները կատարվում են խիստ գրաֆիկով: «Քանի որ Մեծամորի ատոմակայանի չգործելու դեպքում 3 անգամ կբարձրանա էլեկտրաէնեգիայի սակագինը, փաստորեն սա նաև սոցիալական նախագիծ է, որին մենք վերաբերում ենք լրջորեն»,-նշեց Կիրիենկոն` նշելով, որ նմանատիպ աշխատանք կատարում են ոչ առաջին անգամ: «Նույն տեխնոլոգիաներով աշխատել ենք ռուսական կայանների ժամկետը երկարաձգելու ուղղությամբ` համաձայն ոչ միայն ռուսական օրենսդրությունից բխող պահանջներին, այլև ՄԱԳԱՏԵ-ի սկզբունքներին»,-ավելացրեց ռուս պաշտոնյան:

Սերգեյ  Կիրիենկոյի դիտարկմամբ` ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը չի նշանակում, որ համակարգերը բերվելու են այն նույն վիճակին, որոնք եղել են կայանի սկզբնական շահագործման փուլում, այլ դրանք համապատասխանեցվելու են ներկայիս անվտանգության պահանջներին: «Ատոմակայանը պետք է լինի ավելի անվտանգ, քան երբ այն նոր կառուցվում ու շահագործման էր հանձնվում: Մենք դիտարկում ենք նաև տուրբինների հզորության բարձրացումը, որը կտա նաև տնտեսական օգուտներ, բայց առաջին տեղում անվտանգության հարցերն են, իհարկե»,-հավելեց «Ռոսատոմի» ղեկավարը:

Մեծամորի ատոմակայանը կառուցվել ու շահագործման է հանձնվել 80-ականներին: Երկու բլոկից աշխատում է մեկը` երկրորդ էներգաբոլկը, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2017-ին: ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվական: Այդ նպատակով ՌԴ-ի կողմից հատկացվել են 270 միլիոն դոլարի չափով վարկային միջոցներ և ևս 30 միլիոն դոլար դրամաշնորհ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am