Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանն ինտերնետային մամուլի ազատության առումով աշխարհում 28-րդ տեղում է

 Հայաստանն ինտերնետային մամուլի ազատության առումով աշխարհում 28-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվում է Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը, որի ուշադրության կենտրոնում են համացանցային անվտանգության, ցանցային չեզոքության, համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: Սեպտեմբերի 7-8-ին անցկացվող համաժողովն իրականացվում է Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ համագործակցությամբ։

Համաժողովին տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը շեշտեց ցանցային անվտանգության և ցանցային չեզոքության ապահովումը: «Ցանցային չեզոքությունն այն հիմնահարցերից է, որ այսօր տարբեր երկրներում գտնվում է քաղաքականություն մշակողների ու կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում: Ցանցային չեզոքության հստակ սահմանումները տարբեր են, բայց համահունչ են Հայաստանում ընդունված սկզբունքների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Թադևոսյանը` հավելելով, որ այդ սկզբունքի կիրառումը երաշխիք է երկրում դեմոկրատական զարգացման ու ազատ մրցակցության խթանման համար:

Նրա խոսքով` շարժական ցանցերի հնարավորությունները ոչ միշտ են բավարար ցանցի չեզոքությունն ապահովելու համար, ինչը պայմանավորված է բջջային կապի համար տրամադրված հաճախականության շերտերի սահմանափակ լինելու հետ: «Այս հարցն այսօր ամենաքննարկվողն է տարբեր երկրներում, որտեղ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներն առավել զարգացած են: Կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է այդ երկրների շարքում, որոնցում բնակչության 99 տոկոսն հնարավորություն ունի միանալ ինտերներտին` 3G արձանագրությամբ»,-փաստեց փոխնախարարը:

Նա հույս հայտնեց, որ անցկացվող համաժողովը կօգնի, որպեսզի գտնվեն լուծումներ անվտանգ և չեզոք համացանցն իրականություն դարձնելու համար:

Անդրադառնալով համացանցի լայն սփռման պայմաններում նոր մեդիաների դերի բարձրացմանը` Գագիկ Թադևոսյանը նկատեց, որ այսօր դրանք դարձել են ավանդական լրատվության մրցակից: «Հարկ է նշել, որ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից ինտերնտում զբաղեցնում է 28-րդ տեղը: Սա հնարավոր է դարձել նոր մեդիաների առկայության և Հայաստանում դրանց ազատ զարգացման շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:

«Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, անդրադառնալով փաստին, որ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նշեց, որ մի քիչ ուշացել են այդ հարցում, քանի որ այլ երկրներ արդեն մի քանի անգամ անցկացրել են: «Պետք է նշեմ, որ որոշ հարցերում էլ մենք առաջատար ենք, քանի որ կարողացել ենք ստեղծել բազմաշահառու ներկայություն: Մեզ հաջողվել է ստեղծել կառավորման այնպիսի հանձնաժողով, որը կարող է խոսել հանրության անունից ու որոշումներն էլ ընդունել հենց նրանց անունից: Ինտերնետի համաշխարհային կորպորացիան, որը զբաղվում է ինտերնետի անուններով ու հասցեներով, քարոզում է բազմաշահառու մոտեցումը համաշխարհային ինտերնետի կառավարման համար»,-ասաց Իգոր Մկրտումյանը:

«Հայաստանի ինտերնետ հանրության» նախագահի խոսքով` համաժողովի նպատակն է քննարկել և ուրվագծել մի քանի կարևոր խնդիրների լուծումները: Այդ խնդիրներից մեկը, ըստ նրա, Հայաստանի համացանցային տիրույթում փոքր ու միջին բիզնեսի շատ քիչ ներկայացվածությունն է: «Մեզ մոտ ՓՄՁ ընդամենը 23 հազար դոմեն է գրանցված, մինչդեռ Լիտվայում, Լեհաստանում 80-100 հազար դոմեն: Մենք 4-5 անգամ հետ ենք այդ երկրներից»,- նկատեց բանախոսը:

Նրա կողմից նախանշված հաջորդ կարևոր խնդիրը համացանցում անվտանգության հարցերն են: «Մենք պետք է ման գանք համընդհանուր լուծումներ, որպեսզի մասնագետների սակավության դեպքում էլ կարողանանք պայքարել նշյալ խնդիրների դեմ»,- նշեց Իգոր Մկրտումյանը` անդրադառնալով նաև համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության հարցին:

Ինտերնետ հանրության եվրոպական Բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հայ գործընկերներին միանալով ինտերնետային կապի միջոցով, հավաստեց, որ ընթանում է շատ կարևոր իրադարձություն: «Հայաստանի ինտերնետ հանրության» հետ 2014-ին հաստատված օրակարգով մեր աշխատանքը ընթացել է շատ արդյունավետ, դուք լավ արդյունքների եք հասել»,-ասաց Դոնկը:

Նրա խոսքով` ողջ համաշխարհային հանրությունը ներկայում կանգնած է լուրջ ճգնաժամերի առջև, որից էլ բխում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության, զանգավածային տեղեկատվության, ցենզուրայի հարցերը: «Համացանցը ոչ միայն հնարավորություններ է տալիս, այլև խնդիրներ է իր հետ բերում:  Ոչ մի առանձին շահառու չի կարող լուծել այս խնդիրները, միայն համատեղ ջանքերով կարող ենք տալ երկարատև լուծումներ»,-նկատեց Ֆրեդերիկ Դոնկը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա վերջին կայանալու է մեծ գագաթնաժողով, որի ժամանակ քննարկվելու են ինտերետային կապի և կառավարման հիմնահարցերը: «Հուսանք այդ հարցերը կքննարկվեն նաև Երևանում: Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ արդյունքներ են տալու ձեր քննարկումները»,-հույս հայտնեց Դոնկը:

ICANN նախագահ և տնօրեն Ֆադի Շեհադեն կարևորեց «.հայ» հայատառ դոմենի իրագործումը: «Ես ղպտի եմ, ու ինձ համար շատ գնահատելի է, թե ինչպես եք դուք մտածում ձեր լեզվի մասին, ցանկանում պահպանել ձեր գեղեցիկ այբուբենը` «.հայ» դոմենի միջոցով փորձելով այն առաջ տանել ու դարձնել համաշխարհային դոմենային համակարգի կարևոր մասնիկ»,-նշեց Ֆադի Շեհադեն:

Երկօրյա համաժողովի ընթացքում սպասվում են զեկույցներ Հայաստանի հանրային թվային գրադարանի, իրերի ինտերնետի, ինտերնետում երեխաների պաշտպանության, մտավոր սեփականության և ինտերնետի նյութերին անարգել հասանելիության թեմաներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am