Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մասնագետները Հայաստանի էնդեմիկ օձատեսակների հակաթույնի ստեղծման անհրաժեշտություն են տեսնում

Մասնագետները Հայաստանի էնդեմիկ օձատեսակների հակաթույնի ստեղծման 
անհրաժեշտություն են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հանդիպող օձերից մարդու համար լուրջ վտանգ են ներկայացնում գյուրզայի և հայկական իժի թույները: Այս օձատեսակների խայթոցի դեպքում մասնագետները պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն, հակառակ դեպքում հետևանքները կարող են լինել անդառնալի: Հայաստանում օձի խայթոցի դեպքում առկա է միայն մեկ տեսակի հակաթույն, այն էլ՝ պատրաստված միջինասիական օձերի հակաթույների հիման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինտիտուտի մասնագետներն ահազանգեցին Հայաստանի էնդեմիկ օձատեսակների հակաթույնի ստեղծման անհրաժեշտության մասին:

«Հայաստանում առկա օձի հակաթույնը ընդհանուր սպեկտրի է, ինչն օձի խայթոցի դեպքում հիվանդին ներարկման պարագայում կարող է առաջացնել բազում ալերգիկ բարդություններ: Մենք ունենք երկու լաբորատորիա, որոնք արդեն երկար ժամանակ է՝ ուսումնասիրում են Հայաստանի էնդեմիկ օձերի թույնը, որն, ի դեպ, ունիկալ է: Մենք աշխատում ենք տարբեր դրամաշնորհների դիմելու ուղղությամբ՝ հակաթույնի զարգացման համար», - ասաց Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը:  

«Հայաստանում առկա միակ օձի հակաթույնն իր մեջ պարունակում է միջինասիական գյուրզայի, կոբրայի և էֆայի հակաթույներ: Ուզբեկստանի արտադրության այս հակաթույնի միակ թերությունն այն է, որ այն կարող է ալերգիկ ազդեցություն թողնել: Իսկ հայկական իժի հակաթույնի բացակայության դեպքում տուժածին տրամադրվում է սիմպտոմատիկ բուժում», - ասաց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Խոսելով Հայաստանում էնդեմիկ օձերի հակաթույնի ստեղծման անհրաժեշտության մասին՝ գլխավոր թունաբանը նշեց, որ հայկական օձերի թույնը որոշակի չափանիշներով չի համապատասխանում միջազգային մի շարք ստանդարտների, որի հիման վրա հնարավոր լինի ստանալ հակաթույն: Մասնավորապես, դրանցում բավարար չէ պարունակվող սպիտակուցների մակարդակը:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինտիտուտի գիտաշխատող Արսեն Քիշմիրյանը, ով աշխատում է ինստիտուտի լաբորատորիաներից մեկում, որտեղ տարիների ընթացքում հետազոտում են օձերի թույները, նշեց, որ Հայաստանի օձերի հակաթույների ստացման համար առնվազն հինգ ձի, դրանց պահման համար համապատասխան պայմաններ և լաբորատորիա է պահանջվում, ինչը թույլ կտա համապատասխան դեղորայք ստեղծել տվյալ օձի խայթոցի համար:

ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն պատասխանատու Հասմիկ Հարությունյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 103, իսկ այս տարի՝ 47 դեպք, որից 17-ը՝ երևանամերձ ավաններում: Նա հավաստիացրեց, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոնները ապահովված են օձի հակաթույնով: Դրա ներարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, սակայն պետք է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի չկրկնվի այս տարի օձի խայթոցից միակ մահվան դեպքը, երբ քաղաքացին բժշկի էր դիմել չափազանց ուշ: Նույն «Անտիգյուրզին»-ի մեկ ամպուլան հնարավոր է գնել դեղատներից մոտ 120 հազար դրամով, սակայն խայթոցի դեպքը համարվում է անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող դեպք, և այն բուժհաստատություններում իրականացվում է անվճար հիմունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am