Հասարակական

Ատոմ Էգոյանը ոգեշնչել է «1915» ֆիլմի հեղինակներին

4 րոպեի ընթերցում

Ատոմ Էգոյանը ոգեշնչել է «1915» ֆիլմի հեղինակներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմով հեղինակները փորձում էինք արթնացնել մարդկանց զգացմունքները ցեղասպանության մասին: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեցին ֆիլմի ռեժիսորներ ու սցենարի հեղինակներ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Կինոնկարն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:

«Դեպքերը տեղի են ունենում 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմը համարվում է հոգեբանական թրիլեր, բայց ավելի շատ հոգեբանական առեղծված է: Սա ֆիլմ է անցյալի, հիշողության, ժխտման մասին, ցույց է տալիս, թե ինչպես ենք փախչում անցյալից, բայց անցյալի ուրվականները փորձում են հետապնդել մեզ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարին Հովհաննիսյանը:

Ռեժիսորի խոսքով՝ մենք պատմություն ունենք, և մեր պատմության ծառաներն ենք: «Այդ ֆիլմը նախ պետք է այն մարդկանց, ովքեր չգիտեն ցեղասպանության մասին: Երկրորդ նպատակը նոր սերնդին այս ամենը ժամանակից ձևով մատուցելն է»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է հաջողվել համագործակցել Սերժ Թանկյանի հետ, ով ֆիլմի կոմպոզիտորն է, Կարին Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ֆիլմի սցենարն առաջին կարդացողներից էր Ատոմ Էգոյանը: Շատ էր հավանել, ոգեշնչում էր և ասում, որ անպայման պետք է նկարենք: Ատոմը Սերժին ասել էր, որ ֆիլմը շատ լավն էր, և Սերժն ասաց, որ երաժշտություն է ցանկանում գրել կինոնկարի համար: Մի քանի տարբեր գործեր էր մեզ ուղարկել, չնայած դեռ կադրերը չէր տեսել: Այնպիսի երաժշտություն էր գրել, որը խոսում էր ֆիլմի հետ»:

Նրա խոսքով՝ բոլոր լավ ֆիլմերը գաղտնիքներ ունենք: «Մեր ֆիլմն էլ շատ գաղտնիքներ ունի, որոնք 2-3-րդ անգամ դիտելիս են ի հայտ գալիս»,-նշեց նա:

ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ «1915» ֆիլմը ապրիլի 25-ին ներկայացվել է հայ հանդիսատեսին: «1915» հոգեբանական թրիլերը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանք բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

Հայոց ցեղասպանությունից ուղիղ հարյուր տարի անց ոմն խորհրդավոր ռեժիսոր Լոս Անջելեսի թատրոնում մի ամբողջ դար մոռացված ու մերժված այդ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում է բեմադրում: Բայց երբ բողոքավորները ներկայացումից առաջ շրջափակում են թատրոնը և մի շարք տարօրինակ քայլերով ահաբեկում դերասաններին ու պրոդյուսերին, պարզվում է, որ Սիմոնի առաքելությունն ավելի վտանգավոր է, քան կարելի էր կարծել, իսկ անցյալի ուրվականներն ամենուր են:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում