Թուրքիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Իսմեթ Յըլմազը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ փուլի քվեարկության արդյունքում Թուրքիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Իսմեթ Յըլմազը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, որը ուղիղ հեռարձակում էր կազմակերպել Թուրքիայի խորհրդարանից, խոսնակի ընտրության երրորդ փուլում եւս թեկնածուներից ոչ մեկը անհրաժեշտ քվեներ չի ստացել:
Անցկացված 4-րդ փուլում, որում մրցում էին ԱԶԿ-ի թեկնածու Իսմեթ Յըլմազն ու գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Դենիզ Բայքալը, Յըլմազն ստացել է պատգամավորների 258, իսկ Բայքալը 182 քվեները: Այսպիսով` պատգամավորների ձայների մեծամասնւթյամբ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող ԱԶԿ-ի թեկնածու Իսմեթ Յըլմազը:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնի համար խորհրդարան անցած կուսակցությունների ներկայացրած թեկնածուներն էին, ԱԶԿ-ից` Իսմեթ Յըլմազը, ԺՀԿ-ից` Դենիզ Բայքալը, «Ազգայնական շարժում» կուսակցությունից` Էքմելեդդին Իհսանօղլուն եւ քրդական Ժողովուրդների դենոկրատական կուսկացությունից` Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը:
Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանձնարարությամբ ձեռնամուխ կլինի առաջիկա 45 օրերի ընթացքում թուրքական նոր կառավարության ձեւավորմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում