Միջազգային կառույցները շտապել են ճշգրտել Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը. Կարեն Ճշմարիտյան
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կառույցները շտապել են ճշգրտել Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` բացասական ուղղությամբ, և չեն գնահատել երկրի ներքին կարողությունները: Այս մասին ՀՀ կառավարության կազմակերպած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին:
«Իհարկե դժվարություններ կան տարածաշրջանում և մեր գործընկեր երկրներում, բայց կարծում եմ՝ դրանք հիմք չեն թերագնահատելու մեր ներքին կարողությունները: Հենց ներքին կարողությունների գնահատման արդյունքում է, որ մեր կանխատեսումները տարբերվում են միջազգային կառույցների կանխատեսումներից: Չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, թե մենք բավարարված ենք տնտեսության աճի ներկա տեմպերով՝ ո’չ: Բայց վստահ եմ, որ հավելյալ հոռետոսությամբ որևէ արժեք չենք ավելացնելու տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ճշմարիտյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի համոզմամբ` հեռանկարային զարագցում ապահովելու համար պետք է կենտրոնացնել ներքին ռեսուրսների և մարդկային կապիտալը: «Մեր հասարակության ընդգծված ձեռնարկատիրական կարողությունների վրա են հիմնված լինելու կառավարության ծրագերերը: Գործարար միջավայրի զարգացումը մեզ համար առանցքային հարց է, սկսնակ ձեռներեցներն ու փոքր և միջին ձեռնարկատերերը մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Ճշմարիտյանը: Նա Հայատնեց, որ ՀՀ-ում 2015 թվականին գրանցվել են ավելի քան 7500 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից շուրջ 5000-ը՝ ծառայությունների ոլորտում:
Նախարար Ճշմարիտյանը հիշեցրեց նաև Հայաստանի տնտեսությանը վերաբերող կաևոր ցուցանիշները` ընդգծելով, որ 2014 թ. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3.5 տոկոսով: «Համախառն ներքին արդյունքի կազմում ավելացել է ծառայությունների կշիռը, նվազել են շինարարության և առևտրի կշիռները, իսկ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը պահպանել են տեմպերը: Իսկ այս տարի մայիսի դրությամբ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 2.7 տոկոս»,- ասաց նախարարը:
Նա նաև խոսեց ներդրումային դաշտի բարելավման և զբոսաշրջության աճի կարևորության մասին` նշելով, որ այդ ոլորտներում կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու դերը: Նախարարն ընդգծեց, որ Կառավարությունն օրենսդրական և կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ է կատարում, որպեսզի կարգավորի առկա խնդիրները, իսկ շուտով նախարարությունը կներկայացնի «Հայաստանի տնտեսական կայուն զարգացման» ռազմավարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում