Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ արտադրողները կարող են արևմտյան շուկաներին առաջարկել օրգանական յուրատեսակ մթերքներ

Հայ արտադրողները կարող են արևմտյան շուկաներին առաջարկել օրգանական 
յուրատեսակ մթերքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի հնարավորություն յուրահատուկ օրգանական մթերքներ արտահանել արևմտյան շուկաներ: Վերջին տասնամյակում օրգանական գյուղատնտեսությունը երկրում զարգացում է ապրել, և ներկայումս այստեղ արտադրվում են բարձր որակի արտադրատեսակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում օրգանական սննդամթերքները սերտիֆիկացնող «Էկոգլոբ» կազմակերպության գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանը նշեց, որ 2002 թվականից հետո Հայաստանում «Էկո» կամ «Բիո» արտադրություն իրականացնելու սերտիֆիկատ է ստացել ավելի քան 50 տնտեսություն:

«Սերտիֆիկացում անցած ընկերությունների թվում շատ են հետաքրքիր նախաձեռնությունները: Օրինակ՝ չիչխանը մեզ մոտ արտադրվում և վերամշակվում է անթափոն  ձևով: Դրանից ստանում են այն ամենը, ինչ հնարավոր է, օրինակ հյութեր, պյուրեներ, կոնցենտրատներ, իսկ կորիզից՝ յուղ և փոշի, որը ևս պահանջված է սննդամթերքի և կոսմետիկ շուկաներում»,- ասաց Դարբինյանը:

Նրա խոսքով` մեծ հաջողությունների են հասել օրգանական հյութեր, կիսաֆաբրիկատներ, սառեցված մրգեր արտադրողները: Նրանց կողքին իրենց գործունեությունն են սկսել նաև յուրահատուկ սորտերի հացահատիկեղեն արտարող ֆերմերները: Նունե Դարբինյանը նշեց, որ Հայաստանում կտավատ է արտադրվում, որը մեծ պահանջարկ ունի եվրոպական շուկաներում: «Կտավատ արտադրելու համար Հայաստանի պայմանները շատ բարենպաստ են: Հեշտ է կտավատը մշակել մեր պայմաններում, իսկ դրա արժեքը շատ բարձր է»,- ասաց նա:

Մասնագետն առանձնացրեց նաև մեղվապահությունը` ընդգծելով, որ հայկական օրգանական մեղրը տարածում ունի արևմտյան շուկաներում և Չինաստանում:  «Մեղվապահության պոտենցիալը շատ մեծ է: Դեռևս չի կիրառվում այն ամենը, ինչ բնությունից կարելի է ստանալ»,- հավելեց Նունե Դարբինյանը:

Նրա կարծիքով` Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը պետք է հենված լինի արտահանման վրա, քանի որ այս ապրանքները բավականին բարձր արժեք ունեն և պահանջված են: «Մենք սերտիֆիկացում ենք իրականացնում Եվրամիության երկրների, Միացյալ Նահանգների, Կանադայի և Շվեյցարիայի համար: Այս երկրների հետ էլ հայ արտադրողները կարող են աշխատել»,- ասաց նա:

Թեև ոլորտի զգալի աճին՝ Նունե Դարբինյանը բավարար չի համարում զարգացման այս մակարդակը: «Օրգանական գյուղատնտեսության շղթան  աշխատում Հայաստանում է, սակայն դեռևս անբավարար չափով։ Նախ ծավալների տեսանկյունից,  որոնք դեռևս փոքր են, մյուս կողմից  էլ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից: Կարծում եմ, որպեսզի ֆերմերները գիտակցեն և օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու որոշում կայացնեն, նրանց հարկավոր է աջակցություն»,- ասաց նա:

Նունե Դարբինյանն անդրադարձավ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախաձեռնությանը, որով օժանդակություն է ցուցաբերվելու օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող մի քանի տնտեսավարողների: «Երբ պետական աջակցություն չկա այս ոլորտում, կարևոր են մասնավոր ընկերությունների նախաձեռնությունները: Հատկապես կարևոր է այն, որ բանկն է հանդես  գալիս այս առաջարկով: Կարծում եմ, լավ հնարավորություն է ստեղծվել այն գյուղտնտեսների համար, ովքեր ցանկանում են սերտիֆիկացնել իրենց արտադրանքը և դուրս գալ արտաքին շուկաներ»,- ասաց նա:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախաձեռնել է մի ծրագիր, որով անվճար հավաստագրվելու են էկոմթերք արադրող մի քանի գյուղացիական տնտեսություններ։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում հրավիրված փորձագետները ուսումնասիրել են Հայաստանի հնարավորությունները օրգանիկ գյուղտնտեսության ոլորտում և ներկայացրել իրենց առաջարկները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am