Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Արմենպրես»-ը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատում զոհված հերոսների հիշատակին

«Արմենպրես»-ը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հարգանքի տուրք մատուցեցին 
Սարդարապատում զոհված հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակին ընդառաջ «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մասնակցությամբ մայիսի 27-ին Արմավիրի Արշալույս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող հայ-ռուսական եղբայրական գերեզմանի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

«Արմավիրի Արշալույս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող հայ-ռուսական եղբայրական գերեզմանի գոյության մասին տեղեկանալուց հետո, մենք նման կազմով առաջին անգամ ենք հավաքվել հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի անկախության համար զոհված մարտիկների հիշատակին: Այս եղբայրական գերեզմանի գոյությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին. նման հարուստ պատմական անցյալը փայլուն ապագա է խոստանում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Հայ-ռուսական եղբայրական գերեզմանի տապանաքարին փորագրված է. «Այս է տապանը հերոսական փառքի հայրենասեր Ստեփան Ալոյան և ռուս զինվոր: Ընկան Սարդարապատի ճակատամարտում 23 տարեկան հասակում, 1918թ.»:

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը, խորը տպավորված լինելով հայ-ռուսական եղբայրական գերեզմանի գոյության փաստից, ասաց հետևյալը. «Ես առաջին անգամ եմ տեսնում հայ-ռուսական եղբայրական գերեզման: Հայաստանում աշխատելու երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ խորհրդանշական վայրեր ենք այցելել, սակայն նման բան երբևէ չէինք տեսել»,- արձանագրեց Անդրեյ Իվանովը:

Արարողությանը մասնակցեցին «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը, դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը և այլոք:

Արշալույս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1907-1909 թվականներին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի օրհնությամբ: Ավանդության համաձայն՝ Աստվածամոր գդալը գտնվում է եկեղեցու կառուցման տեղում:

1918-ի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: Սարդարապատը մեր ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի և անսպառ զորության հաղթանակն էր: Գրեթե հոգեվարք ապրող ժողովուրդը օրհասական պահին կարողացավ ժողովել իր վերջին ուժերը և, մի բռունցք դարձած, վճռական ճակատամարտում ջախջախել դարավոր թշնամու բազմահազարանոց բանակը: Այս տարի հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակը: 

Այդ օրը  հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախություն կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am