Լեհաստանի նոր նախագահ կդառնա Անջեյ Դուդան
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին, հաղթանակ է տարել Անջեյ Դուդան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Polskie Radio-ին, վկայում են Ipsos ընկերության կողմից անցկացված էկզիտ-պոլի արդյունքները:
Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում էին պետության գործող ղեկավար Բրոնիսլավ Կոմորովսկին, որին աջակցում է երկրում իշխող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, եւ խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից՝ «Իրավունք եւ արդարություն»-ից, թեկնածու Անջեյ Դուդան: 62-ամյա Կոմորովսկին մայիսի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլում 1 տոկոսով զիջել է իր գլխավոր մրցակցին՝ 43-ամյա Դուդային:
Ipsos ընկերության էկզիտ-պոլի ճշտված տվյալների համաձայն՝ Անջեյ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 52 տոկոսը, Բրոնիսլավ Կոմորովսկու օգտին՝ 48 տոկոսը: Վիճակագրական սխալանքը կազմում է 1 տոկոս: Երկրորդ փուլում ընտրություններին մասնակցությունը կազմել է 55,5 տոկոս:
Բրոնիսլավ Կոմորովսկին ընդունել է իր պարտությունն ընտրություններում եւ Դուդային շնորհավորել հաղթանակի առթիվ: Սպասվում է, որ ձայների հաշվման պաշտոնական արդյունքները Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 25-ի երեկոյան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում