Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եգիպտական «ալ-Միսրի ալ-Յոմ» օրաթերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Եգիպտական «ալ-Միսրի ալ-Յոմ» օրաթերթն անդրադարձել է Հայոց 
ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական հեղինակավոր «ալ-Միսրի ալ-Յոմ» օրաթերթում լույս է տեսել անվանի քաղաքական վերլուծաբան, «Ալ-Ահրամ» հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, լուծարված խորհրդարանի պատգամավոր Էմադ Գադի արաբերեն հոդվածը` Հայոց ցեղասպանության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր հոդվածում Գադը նշում է, որ ակնկալում է, որ Եգիպտոսը կհետևի այլ մայրաքաղաքների օրինակին և կճանաչի հայերի դեմ Թուրքիայի գործած ոճիրը։ «Չճանաչելու կամ այն ուշացնելու համար արդարացում չկա», - հավելում է նա։

«Հայերի դեմ Թուրքիայի իրականացրած հանցագործությունից 100 տարի անց» վերնագրված հոդվածում նա արաբ ընթերցողին ներկայացնում է, թե ինչպես մեկ դար առաջ` այս նույն օրերին, օսմանյան զորքերն սկսեցին 1.5 միլիոն անմեղ հայ խաղաղ բնակչության բնաջնջումը, ինչպես հազարավոր հայեր ենթարկվեցին բռնագաղթի՝ ճանապարհին զոհ գնալով սովին, հիվանդություններին և ավազակային հարձակումներին։ Հեղինակն ավելացնում է, որ հայերի նկատմամբ թուրք զինվորների վայրագությունները բնութագրելու համար է, որ առաջացավ «ցեղասպանություն» եզրույթը։

«Թուրքերի հանցանքները չեն վերջանում հայերի բնաջնջմամբ», - նշում է հոդվածագիրը։ Նա գրում է. «Որտեղ թուրքի ոտքը դիպել է, այնտեղ եղել են կոտորածներ, հեղվել է արյուն, գլուխ են բարձրացրել հետամնացությունը, տգիտությունն ու անհանդուրժողականությունը. այդպես է եղել Հունաստանում՝ քաղաքակրթության և փիլիսոփայության երկրում»։ Այնուհետև ավելացնում է, որ բավարար է կարդալ Բալկանների պատմությունը` համոզվելու համար, թե մարդկության դեմ թուրքերն ինչ հանցանքներ են գործել։

Երևանում անցկացված Գլոբալ ֆորումի մասնակից Էմադ Գադը նշում է նաև, որ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում իր հանցագործությունները կոծկելու համար Թուրքիան հսկայական ջանքեր է գործադրել։ Այդ երկիրը Սառը պատերազմի ժամանակաշրջանում Եվրոպան ԽՍՀՄ-ից պարսպելու դեր է խաղացել։ Անդամակցելով ՆԱՏՕ-ին` ստանձնել է թե՛ Արևելյան ճամբարին, թե՛ արաբական ազգային գիտակցությանը դիմակայելու դերակատարությունը, Իսրայելի հետ համագործակցել է հակաարաբական ճակատում։ Այդ ամենն Անկարան ծառայեցրել է մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ 1.5 միլիոն հայերի կոտորածը, ինչպես նաև քրդերի դեմ իրականացվող ճնշումները կոծկելուն։

Հեղինակը համարում է, որ այդ ամենով հանդերձ, Թուրքիան չկարողացավ ԱՄՆ հետ ունեցած հատուկ հարաբերությունները ծառայեցնել ԵՄ անդամագրվելու ծրագրին։ Եվրոպայի համար Թուրքիայի նշանակության նվազումով և արաբական, ինչպես Եգիպտոսի, ու եվրոպական, ինչպես Հունաստանի, երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու ձախողումով այդ երկիրն ամերիկյան քաղաքականության համար դարձել է ծանր բեռ։

Հոդվածագրի համոզմամբ՝ այդ ամենին նպաստել է նաև հայ, հույն և այլ համայնքների լոբբիստական գործունեությունը, որով հաջողվել է հասնել Ֆրանսիայի և Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից ճանաչման նախապատրաստմանը։ Էմադ Գադը շարունակում է, որ թուրքական ժխտողականությանն ամենածանր հարվածը մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն էր։ Արագ զարգացումներն այն աստիճան են զայրացրել Էրդողանին, որ վերջինս, կորցնելով քաղաքական և կրոնական գործիչներին պատասխանելու քաղաքավարությունը, սպառնալիքներ է հնչեցնում բոլոր ուղղություններով, ինչը Թուրքիային նոր գլխացավանք կպատճառի։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարշավը Անկարային չի հաջողվի կասեցնել։

Հեղինակը եզրափակում է Թուրքիային քննադատելով «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը և միջազգային ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am