Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կկառուցվի Ցեղասպանության տարելիցը խորհրդանշող Անմոռուկի հուշարձան

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կկառուցվի Ցեղասպանության տարելիցը 
խորհրդանշող Անմոռուկի հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում մեկնարկել է երկրի խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Գրքի միջազգային 41-րդ տոնավաճառը, որտեղ առանձին տաղավար է հատկացված Հայաստանին: Տոնավաճառի մուտքի մոտ, ինչպես նաև Հայաստանի տաղավարում զետեղվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մանրակերտները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 25-ին Գրքի միջազգային տոնավաճառում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի տաղավարը: Միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի քաղաքական, դիվանագիտական, մշակութային, գիտաակադեմիական շրջանակների, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող «Հարյուր ձայն» երգչախումբը, «Մասիս», «Նարեկ», «Նաիրի», «Գայանե» պարային համույթները, արգենտինացի նշանավոր դերասաններ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվել նաև Արգենտինայի տարբեր նահանգներում և քաղաքներում: Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո քաղաքում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա են եղել դաշնային պատգամավորներ և սենատորներ, նահանգի կառավարության անդամներ, Ռոսարիոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Իր ելույթում Ռոսարիոյի քաղաքապետ, տիկին Ֆեյնը, կիսելով հայ ժողովրդի ցավն ու վիշտը, նշել է, որ Արգենտինան և մասնավորապես Ռոսարիո քաղաքը գրկաբաց են ընդունել Ցեղասպանությունից մազապուրծ հայերին, ովքեր դարձել են երկրի բարեխիղճ և արժանի քաղաքացիները: Նա տեղեկացրել է նաև, որ ստորագրել է որոշում, որով հողատարածք է հատկացվում Ռոսարիո քաղաքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող Անմոռուկի հուշարձան կառուցելու համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում բողոքի բազամահազարանոց երթ է անցկացվել Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Հիշատակի միջոցառումները ոգեկոչվել են նաև Արգենտինայի Հրո երկիր նահանգում, որի մայրաքաղաք Ռիո Գրանդեի քաղաքային խորհրդի կողմից կազմակերպվել է միջոցառում և ընդունվել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ Մոնտեվիդոյում դեպի Անկախության հրապարակ կազմակերպված բողոքի երթով, որին մասնակցել են Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, նախարարներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքական կուսակցությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսը, երկրի փոխնախագահ, Գլխավոր վեհաժողովի նախագահ Ռաուլ Սենդիկը, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալեխանդրո Սանչեսը, Մոնտեվիդեոյի արքեպիսկոպոս Դանիել Ստուռլան, Ուրուգվայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի չորս նախկին նախագահները՝ Խոսե Մուխիկան, Խորխե Բատլեն, Խուլիո Մարիա Սանգինետին և Լուիս Ալբերտո Լակաժեն: Միջոցառմանը ներկա են եղել նաև 1965թ. Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորներ Կառլոս Խուլիո Պերեյրան և Ուրուգվայ Տուռնեն, ովքեր մասնակցել են Ուրուգվայի կողմից 1965թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրենքի ընդունմանը:

Իր ելույթում Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, նշել է, որ «Հայոց ցեղասպանությունը մարդկության ոչնչացմանն ուղղված ամենասարսափելի և զարհուրելի արարքն է»: Իր ելույթը Ռաուլ Սենդիկը եզրափակել է հայ ականավոր գրող Ավետիք Իսահակյանի խոսքերով. «Հայ ծնվելը դժբախտություն է, հայ մնալը՝ հերոսություն»:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած իրենց նշանակալի ավանդի համար Ուրուգվայի նախկին նախագահներ Խոսե Մուխիկային, Խորխե Բատլեին, Խուլիո Մարիա Սանգինետիին և Լուիս Ալբերտո Լակաժեին, ինչպես նաև խորհրդարանի նախկին պատգամավորներ Կառլոս Խուլիո Պերեյրային և Ուրուգվայ Տուռնեին հայ համայնքի կողմից, ի նշան երախտագիտության, հանձնվել են հուշատախտակներ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել են Արգենտինայի և Ուրուգվայի հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվել մամուլում, տպագրվել են հարյուրից ավելի հոդվածներ և վերլուծություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am