Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բարաք Օբաման նորից օգտագործեց Մեծ եղեռն եզրը

Բարաք Օբաման նորից օգտագործեց Մեծ եղեռն եզրը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1915 թվականի սոսկալի իրողության բնութագրման համար կրկին օգտագործել է Մեծ եղեռն եզրը: ԱՄՆ նախագահը միաժամանակ ողջունել է Հռոմի Պապի հայտարարությունը` ընդգծելով, որ հայերը սպանվել են իրենց պատմական հայրենիքում: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը: «Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած` Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին», - ասել է ԱՄՆ նախագահը:

«Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:

Օբաման նաև ընդգծել է. «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»»,- մասնավորապես նշել է ԱՄՆ նախագահը:

2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ընդունել այն: ԱՄՆ նախագհը, սակայն, մինչ օրս չի կատարել իր նախընտրական խոստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am