Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով». Թաթուլ Կրպեյան

«Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի 
վրայով». Թաթուլ Կրպեյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան: Թալինի շրջանի Թաթուլ գյուղում նրա շիրմի մոտ կկատարվի հոգեհանգստյան պատարագ եւ տեղի կունենա միջոցառում: Միջոցառումները կշարունակվեն նաեւ ամբողջ տարվա ընթացքում: Աշնանը Երեւանում կկայանա Թաթուլ Կրպեյանի անվան պուրակի բացումը: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Թաթուլ Կրպեյանի դստեր` Ասպրամ Կրպեյանի հետ:

-Ասպրամ, դու շատ փոքր ես եղել, երբ հայրիկդ զոհվել է: Այնուամենայնիվ, նրա հետ կապված պատմություններ, հիշողություններ հաստատ կունենաս:

-Մեկ տարեկան եմ եղել, երբ հայրս զոհվել է: Հիմա, վստահաբար, կարող եմ ասել, որ իրեն ճանաչում եմ շատ ավելի, քան այն մարդիկ, ովքեր առիթ ու պատիվ են ունեցել իրեն որպես անհատի ճանաչելու, ապրելու, ընկերություն անելու իր հետ: Իմ կյանքի տարիներն անցել են իրեն ճանաչելով եւ իր մասին պատմություններ հավաքելով: Այդ կերպ փորձել եմ լրացնել իր ֆիզիկական բացը, բացահայտել իր մարդկային էությունը: Հիմա կարող եմ ասել, որ ավելի քան ճանաչում եմ իրեն: Կյանքում որեւէ որոշում կայացնելուց առաջ միշտ մտովի ինձ հարցնում եմ, թե ինչ կասեր հայրս: Նա միշտ իմ կյանքում է: Նրա հետ կապը շատ ամուր է:

-Ինչպե՞ս կբնութագրես իրեն, ինչպե՞ս ես իրեն բացահայտել:

-Նա ուժեղ, արդարամիտ անձնավորություն է: Երբեւիցե չի հանդուրժել անարդարությունը, ուժեղի կողմից թույլին թերագնահատելու հանգամանքը: Իր բոլոր գաղափարների հիմքում անմնացորդ սերն է հայրենիքի հանդեպ: Այդ սերն այնքան մեծ էր, որ կարող էր արտահայտվել միայն այն գործով, որը նա արեց` անձնազոհությամբ: Դա բոլորին հասու չէ: Հատուկ բացառիկ անհատներն են, ովքեր, գիտակցելով պահի կարեւորությունը, վճռական պահի իրենց կյանքը կնվիրեն վեհ գաղափարներին: Հաըրս հայ հասարակության բացառիկ եւ օրինակելի քաղաքացու կերպար է:

՞նչ ես կարծում, մեզ այսօր նման հերոսներ պետք չե՞ն, այսօր հասարակությունն, արդյոք, կարոտ չէ՞ նման սխրագործությունների:

-Ես հակված եմ մտածել, որ նման հերոսներն ամեն օր չէ, որ լույս աշխարհ են գալիս: Պատմության ընթացքում նրանք զոհաբերվում են հանուն հասարակության պայծառ եւ բարվոք ապագայի: Իրենք ամենաբարձր  գործը կատարեցին, որպեսզի մենք այսօր մեր փոքր գործերում կարողանանք «հերոսանալ»: Նրանք թույլ տվեցին, որ խաղաղ երկնքի տակ ապրենք եւ գործենք. դա մեծ հնարավորություն է: Անշնորհակալություն կլինի նրանց հանդեպ, որ մեր գործում, ցանկացած ասպարեզում թերանանք: Մեր լուման ունենանք մեր երկրի զարգացման գործում: Հերոսները չեն պակասում, իրենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են լինում եւ ոգեշնչում սերունդներին:

-Ըստ քեզ, այսօր ազգային հերոսներն արժանի կերպո՞վ են գնահատվում: Գնահատանքի ո՞ր տեսակն է, ըստ քեզ, առավել կարեւոր:

-Նրանք զոհաբերեցին իրենց կյանքը առանց հետին ակնկալիքի: Իրական զոհաբերությունը դա է, եւ նրանք գիտակցաբար դիմեցին դրան: Գնահատանքը տարբեր կերպ կարելի է ընկալել եւ հասկանալ: Ամենից կարեւոր եւ արժանի գնահատանքը ամեն օր նրանց հիշելն է, դպրոցներում, ընտանիքներում նրանց մասին խոսելն է: Նրանք այն օրինակներն են, որոնց օգնությամբ պետք է կրթվի եւ դաստիարակվի մեր սերունդը: Կարեւոր գնահատականը նրանց հիշելն ու նրանց կատարած գործին արժանի ապրելն է: Մնացածը երկրորդական է:

-Դու հետեւո՞ւմ ես իրավիճակին սահմանում:

-Ինձ համար դա շատ ցավոտ հարց է: Ամեն անգամ սահմանին կրակոցների կամ զինվորների սպանության մասին լսելիս հոգումս կարծես նոր բան մահանա: Աշխատանքի բերումով այդ լուրերի կիզակետում եմ եւ չեմ կարող անտաբեր անցնել: Ամեն զոհ կածես քոնը լինի, եւ շատ ցավում եմ դրանց համար: Մենք խոսեցինք հերոսների կերպարների մասին, կարծում եմ` այսօր առաջնագծում կանգնած տղաները մերօրյա հերոսներն են, ովքեր, ոգեշնչված հայրիկիս եւ մյուսների օրինակով,պաշտպանում են հայրենիքի անվտանգությունը: Երազում եմ, որ սահմանում իրավիճակը հանգիստ լինի, երազում եմ, որ գա այն օրը, երբ սահմանապահ զինվորները հսկեն խաղաղ սահմանը՝ նույնիսկ առանց զենքի անհրաժեշտության:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Յուրաքանչյուր ազգ ունենում է հերոսներ, ովքեր մարմնավորում են ազգի հավաքական լավագույն հատկանիշները: Արցախյան հերոսամարտը իր փառապանծ հաղթանակով հայ ժողովրդին պարգեւեց բազմաթիվ հերոսների: Նրանցից մեկն էլ Թաթուլ Կրպեյանն էր: 26-ամյա Թաթուլին դեպի արցախյան հերոսամարտ մղեց նախնիների երազանքը` տեսնել հայրենիքն ազատագրված: Արցախում Թաթուլը երկու նվիրական գործ էր կատարում` դպրոցում հայոց պատմություն եւ երգեցողություն էր դասավանդում ու պաշտպանում հայրենիքի սահմանները:

Նրան վստահվեց Գետաշենի պաշտպանությունը: Երբ խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը այնտեղ սկսեցին «Օղակ» գործողությունը, Թաթուլին հաջողվեց միայնակ գերի վերցնել ռուս գնդապետ Մաշկովին, որն այդ տարիներին աջակցում էր թշնամուն, եւ կյանքի գնով փրկել իրադրությունը: Կրպեյանը վերցրեց «Օղակ» գործողության պլանն ու պայթեցրեց նռնակը, սակայն Գետաշենը հավերժ ազատ տեսնելու նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: 1991 թ. ապրիլի 30-ին նրա սրտի զարկը կանգ առավ` պատմության մեջ Թաթուլ Կրպեյան անունը ամրագրելով:

«Քամին քարին ի՞նչ կանի: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Սրանք մարտի ժամանակ Կրպեյանի արտաբերած խոսքերն են: Իր խոսքին հավատարիմ մնաց: Գետաշենը դատարկվեց, սակայն Թաթուլն իր մահով փրկեց 3000 հոգու կյանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am