Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երեւանում աշխարհի 600 պատվիրակներ կքննարկեն ցեղասպանությունների կանխարգելման ու կրկնությունը բացառելու հարցը

Երեւանում աշխարհի 600 պատվիրակներ կքննարկեն ցեղասպանությունների 
կանխարգելման ու կրկնությունը բացառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների կանխարգելման ուղիներն ու դրանց կրկնությունը բացառող երաշխիքները Երևանում կորոնեն ավելի քան 600 խորհրդարականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում: Ապրիլի 22-23-ին անցկացվելիք միջազգային համաժողովի բացմանը կմասնակցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ապրիլի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: «Գլոբալ ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության  առաջնահերթություններից մեկի իրականացմանը` քննարկման առարկա դարձնելով ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզների զարգացումը` իսպառ բացառելու 1915-ին և դրան հաջորդած տարիներին նմանօրինակ այլ զահուրելի հանցագործությունների կրկնությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով` ֆորումին կմասնակցեն ու ելույթներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչպետը, արտաքին գործերի նախարարը, կառավարության անդամներ, պատգամավորներ: «Ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, օտարերկրա խորհրդարանականներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեղիանակավոր լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների, ցեղասպանագիտության կենտրոնների պատվիրկներ ու փորձագետներ»,-նշեց Կարեն Նազարյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` երկօրյա ֆորումը կիրականացվի ինտերակտիվ քննարկումների և մեկ լիագումար նիստի միջոցով: Կքննարկվի միջազգային իրավունքում մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացման հարցը, որի նպատակն է վեր հանել մարդկության դեմ հանցագործության հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումն ու դրա հետագա ընդլայնման հնարավորությունը: «Կներկայացվի տարբեր ժամանակներում ու վայրերում գործադրված զանգվածային բռնարարքների համեմատական վերլուծությունը, անդրադարձ կկատարվի այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանությունների ժխտողականությունը միջազգային անվտանգության և մարդու իրավունքների համակարգի վրա: Երկրորդ նիստը կվերաբերի ցեղասպանության հետևանքների վերացման ու պատասխանատվության խնդիրներին»,-հայտնեց Կարեն Նազարյանը:

ԱԳ փոխնախարարի հավաստմամբ` ֆորումի ձևաչափը թույլ կտա մասնակիցներին հանդես գալ մեկնաբանություններով, ելույթներով, բանավեճի բռնվել հիմնական զեկուցողների հետ:

«Երկրորդ օրը կկայանա լիագումար նիստ, որի ժամանակ ակնկալում ենք, որ հանդես կգան խորհրդարանականներ կամ խորհրդարանական պատվիրակություններ, որոնք որոշակի բանաձևերով, հայտարարություններով արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս լիագումար նիստի նպատակն է իրազեկել այն էական ներդրման մասին, որ խորհրդարանականները կարող են ունենալ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում»,-ասաց Կարեն Նազարյանը:

Ֆորումի շրջանակում տեղի են ունենալու մասնագիտական քննարկումներ: Դրանցից մեկը հոգևորականների ֆորումն է`«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը` Աստծո պարգև» թեմայով, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ համագործակցությամբ` իրավաբանների ֆորումը:

Կգործեն նաև ցուցահանդեսներ`առաջինը` ցեղասպանության թեմայով գրքերի ցուցադրությունն է, որտեղ մոտ 2000 անուն գիրք կցուցադրվի, որը կնախորդի սեպտեմբերին նախատեսվող Bookexpo-ին: Երկրորդը` լուսանկարչական ցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու ներկայիս լուսանկարիչների գործերը, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am