Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նախագահը Մատենադարանում ծանոթացել է փրկված ձեռագրերին ու դիտել «Քեմալական կոտորածներ» ֆիլմը

Նախագահը Մատենադարանում ծանոթացել է փրկված ձեռագրերին ու դիտել 
«Քեմալական կոտորածներ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանն ու «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հոգևորականներ, նախարարներ, պետական այլ գերատեսչությունների ներկայցուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Մենք փորձում ենք ներկայացնել մեր կորուստների ահռելիությունը, բայց մեր խնդիրն է նաև ներկայացնել մեր մշակույթի կենսական ուժը, զորությունը, փրկչական առաքելությունը: Փրկված ձեռագրական ժառանգությունը վկայում է մեր մեծ մշակույթի մասին, որը համաքրիստոնեական մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի:

Այստեղ ցուցադրված փրկված ձեռագրերի մեջ կան այնպիսիները, որոնք արդեն մտել են համաշխարհային մշակույթի գանձարան, որոնց մասին գրվել են հարյուրավոր աշխատություններ»,-ասաց Հրաչյա Թամրազյանը:

Մատենադարանի տնօրենի խոսքով` ամեն փրկված ձեռագրի հետևում հերոս-անհատ է, անձնազոհության պատմություն: «Հերոսական մաքառումների շնորհիվ են փրկվել մեր ձեռագրերը: Կան նաև հերոս անհատներ, ովքեր ոչ թե մեկ, այլ տասյնակ ձեռագրեր են փրկել: Մենք ցուցադրում ենք Վասպուրականից փրկված ձեռագրերի նմուշներ, որոնց փրկության գործում մեծ դերակատարում է ունեցել Գևորգ 5-րդ կաթողիկոսը»,-նշեց Հրաչյա Թամրազյանը:

Նրա դիտարկմամբ` Մատանադարանը համամարդկային արժեքների շտեմարան է, որի հիմքում հայ մարդն է` իր արժեհամակարգով: «Չեմ կարող չնշել մի ձեռագրի փրկության զարմանալի փաստը` այն 16-րդ դարի օսմանցի նշանավոր բանաստեղծ Բաքիի դիվանն է, որի փրկված օրինակը, գրված իր կենդանության օրոք, համարվում էր հնագույն և ամենաամբողջական օրինակներից մեկը: Ստացվում է, որ մեր ժողովուրդը, մեր մտավորականները մշակութային ցեղասպանությունից փրկել են հենց իրենց ցեղասպանների հոգևոր արժեքները»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն էլ հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները ներկայացնելիս ներդրում կունենա նաև «Քեմալական կոտորածներ» ֆիլմը: «Ֆիլմի ստեղծման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռեժիսոր Արա Շիրինյանին և սցենարի հեղինակ Անահիտ Աստոյանին: Ֆիլմը հեղինակների առաջին համատեղ գործը չէ, սրան նախորդել են «Հայերը Օսմանյան բանակում» ու «Հայերը Օսմանյան տնտեսության մեջ» աշխատանքները, որոնք մեծ ուսումնասիրությունների արդյունք են: Քանի որ Արա Շիրինյանը «Շողակաթի» աշխատակից է, իսկ Անահիտ Աստոյանը Մատենադարանի ավագ գիտաշխատող, ապա կարող ենք ասել, որ այս ֆիլմը երկու հաստատությունների համատեղ արտադրության արդյունք է»,-ասաց Մանյա Ղազարյանը:

«Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկացնում է 1919-1923 թվականների այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց Մեծ եղեռնից փրկված ու Սիրիայի անապատներից նորից հայրենիք` իրենց տները, վերադարձած գաղթականներին:

«Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր: Հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը:

Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 հազար մարդ:

Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուներ, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում` հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհաննես Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ:  Ցուցադրություններն ընթանալու են վեց ցուցասրահներում: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մատենադարանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանն ու «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am