Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իտալական արխիվներում պահվող հայ ազգի ցավով լի էջերը

Իտալական արխիվներում պահվող հայ ազգի ցավով լի էջերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զակոմո Գորինիին, ով հայտնի է որպես 1911-1915 թթ. Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս և այնուհետև մինչև 1923-` Հայաստանում Իտալիայի դեսպան, իտալական դիվանագիտական շրջանակներում նաև հայտնի է որպես Իտալիայի արտգործնախարարության արխիվի հիմնադիր: Հենց այստեղ՝ «Կատալոգի» 60-րդ համարի տակ Հայաստանին վերաբերող նյութերն են, որ բաժանված լինելով 8 արխիվային թղթապանակների, ընդգրկում են 1891-1914 թթ. քաղաքական բնույթի բոլոր փաստաթղթերը:

Իտալիան միակ տերությունն է, որի արխիվներում պահպանվող Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը մինչև վերջին ժամանակներս գրեթե անհայտ էին հայ հանրությանը: Այդ բացը լրացնելու համար Իտալիայում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարարության թույլատվությամբ Արամայիս Բալոյանի կողմից Իտալիայի ԱԳՆ պատմական դիվանագիտական արխիվում կատարած աշխատանքի արդյունքում ստեղծվել է «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պետական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին 1913-1923 թթ.» գիրքը, որը տպագրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

«Արմենպրես»-ը ներկայացում է հատվածներ այդ գրքից:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եվրոպական տերությունները իրենց արտաքին հետաքրքրությունների մաս դարձրեցին Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հարցը: Հայկական հարցը այդ պետության արտաքին քաղաքականության որոլտ մտել է 1877-1878 թթ.ռուս-թուրքական պատերազմի և 1878 թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրի կնքումից հետո, որտեղ առաջին անգամ  Հայկական հարցը մուտք է գործել միջազգային դիվանագիտական շրջանակների քննարկման ոլորտ: Իտալիային սկսեց հուզել այս հարցը, քանի որ մտավախություն ուներ, որ Օսմանյան կայսրության պարտության հետևանքով այլ գերտերություն կարող էր իր ազդեցությունը ուժեղացնել այս տարածքում, և ինքը կորցներ ազդեցությունը Միջերկրական ծովի շրջակայքում:

1878 թ. Բեռլինի համաժողովի նախօրյակին եվրոպական առաջին մայրաքաղաքը, ուր այցելել էր Մկրտիչ Խրիմյանի գլխավորած հայ ազգային պատվիրակությունը, Հռոմն էր: Այստեղ նրան ընդունել էր արտգործնախարար Լուիջի Կորտին, ով, ըստ Արման Կիրակոսյանի, ընդհանուր արտահայտություններով խոստացել էր պաշտպանել հայերի պահանջները:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպանատան հանձնակատար Սֆորցան՝

Իտալիայի արտաքին գործերի նախարար Տիտոնիին

Կոստանդնուպոլիս, 6 ապրիլի, 1908թ.

Պարոն նախարար,

Անցած ամսվա 23-ին մուսուլմանները Վանում մոտ 60 հայերի են սպանել: Ռուսաստանի դեսպանին հասած տեղեկությունների համաձայն, այդ ոճիրն իրականացնողների մեջ եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ. ներկա է եղել, նույնիսկ, վերաքննիչ դատարանի նախագահը:...»

1890-ականների կեսերին, Հայկական հարցի սրման պահին իտալական կառավարությունը սուլթանից պահանջեց իրագործել հայկական բարենորոգումների ծրագիրը, ապահովել Օսմանյան կայսուրության քրիստոնյաների կյանքի անվտանգությունը և եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ քայլեր ձեռնարկեց հայերի նոր ջարդեր թույլ չտալու ուղղությամբ: Սակայն հետագայում՝ 1912-1914 թթ. Հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Իտալիան, պաշտպանելով իր դաշնակից Գերմանիային և Ավստրո-Հունգարիային, հիմնականում հանդես էր գալիս բարենորոգումների ռուսական նախագծի դեմ: Այսպիսով մերժելով վեց վիլայեթներից հայկական միասնական մարզ ստեղծելու գաղափարը:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպան Գարոնին՝

Իտալիայի Արտաքին գործերի նախարար Սոնինոյին

Կոստանդնուպոլիս, 27 մարտի, 1915թ.

Պարոն Նախարար,

Ամերիկյան դեսպանատունը տեղեկություններ է ստացել Ուրմիայում տեղի ունեցած ջարդերի մասին, որին զոհ են գնացել նաև ամերիկացի և ֆրանսիացի հպատակներ: Վանի մեր արքայական հյուպատոսական գործակալը հեռագրել է Գորինիին և ափսոսանք հայտնել հայերի ջարդերի կապակցությամբ...»:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական գրաքննությունն այնքան էր խստացված, որ նույնիսկ ստուգվում էր դիվանագիտական փոստը, և այն հաճախ տեղ չէր հասնում: Նաև վկայություններ կան, որ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում գտնվող հյուպատոսարանների փակման և գույքի տեղափոխման ընթացքում արխիվները հաճախ ոչնչացվում էին:

«Կոստանդնուպոլսում Իտալիայի դեսպան Գարոնին՝

Իտալիայի Արտաքին գործերի նախարար Սոնինոյին

Կոստանդնուպոլիս, 26 ապրիլի, 1915թ.

Որոշ ժամանակ է արդեն, ինչ օսմանյան կառավարությունն անվստահություն է ցուցաբերում առաջադեմ հայ դասի նկատմամբ, որը կասկածվում է Ռուսաստանի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հայ պաշտոնյաներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից և զրկվում՝ վստահությունից: Մի քանի օր է, ինչ այդ անվստահությունն ավելի է շեշտվել, և իշխանություններն ուղղակիորեն անցել են մայրաքաղաքի նշանավոր հայերի ձերբակալություններին ու նրանց արտաքսմանը: Չնայած ստուգելու հնարավորություն չունեմ, բայց հավանական է, որ նման միջոցառումներ իրականացվում են նաև մայրաքաղաքից դուրս, Զեյթունում և Վանում իրականացվող ջարդերի մասին ինձ են հասել տեղեկություններ, որոնք հայտնում եմ նաև Ձեզ:

Գարոնի»

Սակայն 1918-1920 թթ. Իտալիայի արտգործնախարարի լիազոր ներկայացուցիչը Թիֆլիսում և Երևանում համակարգում էր Հայաստանի Հանրապետությանն ու արևմտահայ փախստականներին ցուցաբերվող օգնության աշխատանքները:

«Իտալիայի արտաքին գործերի նախարար Սոնինոն՝

Պարոն Ջերմանո Դելլա Ռովերեյին

Հռոմ, 13 փետրվարի 1917թ.

Հարգարժան պարոն,

Իտալիայւմ հայերին զորակից կազմակերպություն հիմնելու մասին Ձեր սույն ամսի 11-ով թվագրված նամակին ի պատասխան տեղեկացնում եմ, որ ողջունում եմ Ձեր այդ ազնվական նախաձեռնությունն ի նպաստ մի ժողովրդի, որ շատ դժվարությունների միջով է անցել:

Ցավով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ անդամակցում որևէ կազմակերպության և չեմ կարող ընդունել Ձեր սիրալիր հրավերը:

Սոննինո»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am