Էստոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
20:48, 30 Մարտ 2015
ՏԱԼԻՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը մարտի 30-ին ողջ կազմով հրաժարական է տվել: «Կառավարությունը հրաժարական է տալիս համաձայն Էստոնիայի Սահմանադրության 92-րդ կետի. կապված նոր գումարման Ազգային ժողովի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանում հայտարարել է վարչապետ Տաավի Ռիյվասը:
Համաձայն Սահմանադրության` Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ունի 14 օր վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար, ում իր հերթին, կտրվի ևս 14 օր՟ նոր կառավարության կազմավորման հիմքերը խորհրդարանին զեկուցելու համար:
«Ինտեֆաքս»-ի հաղորդմամբ, դրանից հետո Էստոնիայի խորհրդարանը բաց քվեարկությամբ որոշում կընդունի վարչապետի թեկնածուին համապատասխան լիազորություններ տրամադրելու վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում