ԱԵԼ-ը ողջունել է Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունները Եմենում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրների լիգայի Եգիպտոսում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, որ իրենք աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ շիա ապստամբների՝ հոուշիների դեմ «Վճռականության փոթորիկ» գործողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիայի ռազմական օդանավերի ռումբերն ուղղվել են տարբեր թիրախների՝ Սանայի օդանավակայանի, Հաջջա մարզի, Սալիմ և Բակա շրջանների վրա: Ռմբակոծվել է շիաների հսկողության տակ գտնվող Ան Անադի ավիաբազան: Եգիպտական չորս ռազմական նավեր անվտանգությունն ապահովելու համար ուղղվել են դեպի Ադենի ծոց:
Եմենի հյուսիսում գտնվող Ադեն քաղաքում և Խուրմասքո բակավայրում մարտի 26-ին թեժ բախումներ են սկսվել զինյալներիի և Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերի միջև:
Մյուս կողմից, շիական «Անսար Ալլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ ռազմական գործողություններին մասնակցել են ոչ թե 100, այլ 30 օդանավեր, որոնցից երկուսը խոցվել են: Կազմակերպության ղեկավարների խոսքով` իրենց վրա փորձել են հոգեբանական ճնշում գործադրել` նման թիվ հրապարակելով:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ընթացող ռազմական գործողոթյուններին մասնակցում են ավելի քան տասը դաշնակից երկրների օդանավեր:
Սաուդյան Արաբիան մտադիր է նաև ցամաքային հարձակում իրականացնել Եմենում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում