Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատին հայատյաց գրառում են կատարել
ՍՏԱՄԲՈՒԼ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հերթական հայատյաց գրառումն է կատարավել Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու կողային պատին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է «Մասիս փոստը»ˋ վկայակոչելով թուրքական «Today’s Zaman» պարբերականը: Եկեղեցու պատին թուրքերեն գրված է եղել. «1915-ըˋ օրհնյալ տարի», իսկ հետո գրառումը շարունակվում է հետևյալ սպառնալից տողերով. «Ի՞նչ կարևոր է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա մեկ Օրգյուն Սամասթ»:
Օրգյուն Սամասթը թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին սպանողն է, իսկ գրառումը հղում է կատարում 2007 թվականին Դինքի սպանությունից հետո բռնկված ցույցերին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսով:
Հայկական շաբաթաթերթը հայտնում է, որ «Today’s Zaman»-ի աշխատակիցները մարտի 25-ի առավոտյան կրկին այցելել են եկեղեցի և տեսել, որ գրառումը ներկված է: «Նման բաներ հաճախ են պատահում»,-նշել է հայկական եկեղեցու կառավարիչը: Պոլսո Հայոց պատրիարքարանը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը:
Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում