Ռուսաստանում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27-ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների` նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS գործակալությանը, ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ` քաղաքական գործչին կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է: Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը:
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խորը ցավակցությունները: «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսական «Սոբեսեդնիկ» շաբաթաթերին տված իր հարցազրույցում Բորիս Նեմցովը մտավախություն էր հայտնել, որ իր ելույթների պատճառով նախագահ Պուտինը կարող է իրեն սպանել:
Ընդդիմադիր գործչի մահվան առնչությամբ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել նրա գործընկերները` հայտնելով խորը ցավ կատարվածի վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում