Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է. Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալին Արցախի ժողովրդի 
ձեռքում է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2009թ. նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որը կարող էր նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հիշեցրեց ՀՀ ԱԺ փոխնախծագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմանների առաջադրման բարոյական իրավունք, այդ քայլին, այնուհանդերձ, չգնաց՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության և երկխոսության լեզու չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, սակայն, տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից՝ նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: «Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից հայտարարած «զրո խնդիր հարևանների հետ» կոչվող քաղաքական կեղծ գաղափարն իրականում զրոյացրեց Թուրքիայի գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը: Համոզվեք ինքներդ՝ Կիպրոս, Հունաստան, Սիրիա և, վերջապես, Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից հետ կանգնելու փոխարեն` հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մի կողմից, շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից՝ սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միևնույն նժարին է դնում զոհին և դահճին, ինչն անընդունելի է:

Շարմազանովի համոզմամբ` Թուրքիան անելիք չունի և չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: «Ղարաբաղյան հայկամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է և գտնվում է Ստեփանակերտում: Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- շեշտեց նա:

Եզրափակելով ելույթը՝ Շարմազանովը հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում և քայլեր ձեռնարկի թուրքական ժխտողական քաղաքկաանությանը վերջ դնելու համար: Նա կարծիք հայտնեց, որ այս գործում լուրջ անելիք ունեն խորհրդարանում ներգրավված բոլոր քաղաքական ուժերը: «Եվ այսօր գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր բոլոր խմբակցությունների մշակած՝ «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923թթ իրականացվախծ հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարելու մասին» հայտարարության նախագիծը ևս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք «այլևս երբեք» ժխտողականությանը, «այլևս երբեք» Ցեղասպանությանը և «այլևս երբեք» մարդկության նկատմամբ նոր հանցագործություններին»,- եզրափակեց խորհրդարանի փոխխոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am