Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը պատասխան է ստահոդ ենթադրությունների

100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը պատասխան է ստահոդ 
ենթադրությունների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունումը համարում է Հայաստանի ու Սփյուռքի միասնականության դրսևորում: «Սա առաջին փաստաթուղթն է, որ ընդունվել է պետական հանձնաժողովի կողմից, որը իր մեջ ներառում է սփյուռքյան բոլոր առանցքային կառույցների դիրքորոշումը: Հռչակագրի ընդունման փաստն, այն էլ այսպիսի նրբին հարցի շուրջ, արդեն մեծ երևույթ է ու պատասխան է նրանց, ովքեր պատմություններ են հորինում, թե իբր հայերը Սփյուռքում ու հայերը Հայաստանում տարբեր ցանկություններ ունեն: Սա ապացույցն է այն միասնականության, որ դրսևորում է մեր ժողովուրդը 100-րդ տարելիցի նախաշեմին: Շնորհակալ եմ տարածաշրջանային հանձնախմբերին, որոնք նախաձեռնեցին, որ Ծիծեռանակաբերդում ընթերցվի Հռչակագիրը, դա շատ խորհրդանշական ու զգացական պահ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` հռչակագրի վեցերորդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու և հետևանքների հաղթահարման ուղիներին, եղել է պետական հանձնաժողովի քննարկման առանցքային հարցերից: Հռչակագրում նշվել է, որ մշակվում է իրավական պահանջների թղթածրար: «Այն հաձնախմբի առջև, որ ստեղծված է հանձնաժողովի որոշմամբ ու զբաղվում է հայեցակարգի մշակմամբ,

մենք չենք դրել հստակ ժամանակացույց, թե երբ պետք է փաթեթը ներկայացվի: Իրականում այդ փաթեթի մշակումը նախատեսում է շատ լուրջ աշխատանք, այդ թվում` ներքին համաձայնություններ ու աշխատանքներ բոլոր հնարավոր շահառուների հետ: Մենք ակնկալում ենք ունենալ մի թղթածրար, որը կներառի հայկական աշխարհի հիմնական դերակատարների մոտեցումները, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պահանջները»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Իսկ հարցին ի պատասխան, թե արդյոք 2015-ին հնարավոր է պաշտոնական Երևանը միջազգային դատարաններում հայց ներկայացնի, Վիգեն Սարգսյանը ասաց. «Թեև մասնագիտությամբ միջազգային իրավունքի մասնագետ եմ, բայց պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա խոսել պետական հանձնաժողովի անունից: Սա համահայկական դիրքորոշում է, որը շատ ավելի կարևոր է, քան պաշտոնական Երևանի կամ ՀՀ արդարադատության  նախարարության  միջազգային մոտեցումը կարող է լինել: Մենք դեռ չգիտենք` ինչ ուղիներ կընտրվեն»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը` ավելացնելով, որ այս դեպքում պետք չի ուղիները միայն դատական վեճի ճանապարհով դիտարկել, սովորաբար վեճը լուծում են մինչև դատարան հասնելը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն էլ փաստեց, որ ընդունված հռչակագիրը միայն  2015-ի համար չէ, այլ ուղերձ է գալիք սերունդներին, որով տրվել է կոնկրետ աշխատանքի ուղենիշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am