Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

2014-ը Բյուրականի աստղադիտարանի համար ամենաարդյունավետներից էր վերջին 20-25 տարում

2014-ը Բյուրականի աստղադիտարանի համար ամենաարդյունավետներից էր 
վերջին 20-25 տարում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի համար վերջին քսան տարվա մեջ ամենաարդյունավետներից մեկն էր: Այս մասին տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: «Անցյալ տարվանից, երբ աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ձեռք բերեց Ազգային գիտական կենտրոնի կամ ազգային արժեքի կարգավիճակ, ինչը թույլ տվեց աստղադիտարանում իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավոր չէին վերջին 20-25 տարում ֆինանսական սուղ պայմանների պատճառով: Ազգային արժեքի կարգավիճակն ավելացրեց նաև բյուջեն: Մենք սկսեցինք լուծել խնդիրներ, որոնք գոյություն ունեին 1980-ականներից: Դրանցից առաջինը նյութատեխնիկական բազայի արդիականացումն էր: Աստղադիտարանի ամենախոշոր դիտակները` 2.6 և 1 մետրանոց, վերանորոգվել են ու պետք է մտնեն շահագործման մեջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց աստղադիտարանի տնօրենը:

Նրա խոսքով` մեկ մետրանոց դիտակը` չնայած իր փոքր չափերին, իր տիպի դիտակների մեջ աշխարհի հինգ խոշորների շարքում է: «Այդ դիտակը չէր աշխատում 1989 թվականից, այս տարի առաջին անգամ հնարավոր եղավ փորձնական դիտումներ իրականացնել: Հույս ունեմ, որ եկող տարի այն լիարժեք կմտնի գործածության մեջ»,-նշեց Հայկ Հարությունյանը:

Անդրադառնալով կիրառական դիտումներին` Հայկ Հարությունյանը շեշտեց, որ այս տարի ռուսական «Ռոսկոսմոս» ընկերության հետ միջազգային ծրագրով  իրականացրել են տիեզերական աղբի մոնիտորինգ: ««Ռոսկոսմոսի» հետ քննարկում ենք եկող տարվա միջոցառումները: Նախատեսում ենք նոր դիտակներ տեղադրել: Դեկտեմբերին Ռուսաստանից Բյուրական հասցվեցին ժամանակակից ընդունիչ սարքավորումներ մեկ միլիոն դոլար արժողությամբ»,-հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Հայկ Հարությունյանի խոսքով` իրենց կողմից այս տարի բավական շատ գիտական հետազոտություններ են կատարվել: «Մասնակցել են արտասահմանյան համատեղ աշխատանքների, ունեցել երեսունից ավելի գործուղումներ եվրոպական երկրներ, ԱՄՆ` մասնակցել համաժողովների, համատեղ աշխատանքներում ներագրավվել»,-տեղեկացրեց Հարությունյանը:

Անդրադառնալով առաջիկ ծրագրերին` Հայկ Հարությունյանը նշեց, որ հաջորդ տարի լրանալու է «Աստղաֆիզիկա» հանդեսի հիսունամյակը, իսկ 2016-ին` Բյուրականի աստղադիտարանի 70 ամյակը, ինչի կապակցությամբ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am