Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված 
իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում լրագորղների հետ զրույցում Խաչատրյանն ընդգծեց, որ դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիրը Կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակներում է, սակայն դա բոլորի խնդիրն է, որովհետև տնտեսության վրա մեծ ազդեցություն է թողնում դրամի արժեզրկումը: «Դրա համար էլ մենք հիմա համատեղ ջանքերով փորձում ենք հաղթահարել այս իրավիճակը: Հարցը  կառավարությունում քննարկում ենք ամենօրյա ռեժիմով: Բայց, ցավոք սրտի, կառավարությունն այս դեպքում շատ գործիքներ չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Խաչատրյանը:

Հարցին ի պատասխան` Կենտրոնական բանկը մեղավո՞ր է ստեղծված իրավիճակի համար, Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այստեղ մեղավորի հարցը չէ: Նա ընդգծեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նման խնդիր կա, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում  ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: «Հիմա Կենտրոնական բանկը գնահատում է պատճառները, թե ինչու երկրում նման իրավիճակ ստեղծվեց և կգնա խնդիրը լուծելու ճանապարհով»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ֆինանսների նախարարությունն այս դեպքում ինչ կարող է անել, Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականության վարող է, և նման դեպքերում հարկավոր է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել՝ բարձրացնել եկամուտները, նվազեցնել ծախսերը: «Բայց, հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, մենք փորձում ենք վարել ավելի մեղմ,  տնտեսուևթյունն աշխուժացնող քաղաքականություն:  Ամեն ժամ, ամեն օր խաղի նոր պայմաններ են առաջանում, դրա համար մենք Կառավարությունում Կենտրոնական բանկի հետ քննարկում ենք այն գործիքները, որոնք կկայունացնեն վիճակը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը նաև սպեկուլյացիների արդյունք է, նախարարը պատասխանեց, որ պատճառները և' օբյեկտիվ են, և' սուբյեկտիվ: Նա նշեց, որ հարկավոր է տարանջատել, փակել բոլոր սողանցքները և իրավիճակը տանել կայունացման: «Ուղղակի ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Դրամի արժեզրկումը կարող է շատ արագ լինել, սակայն դա հաղթահարելը շատ դժվար է»,- ընդգծեց Խաչատրյանը:

Դիտարկմանը,  թե ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով խանութներ են փակվում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ նման դեպքեր կարող են լինել, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որն ավելի է բարդացնում տնտեսվարողների գործը: «Հիմա պետք է Կենտրոնական բանկը և կառավարությունն իրենց գործիքները կիրառեն, որպեսզի վիճակն արագ կայունանա»,- ասաց նախարարը:

Հարցին, թե քննարվում է հարկերը նվազեցնելու տարբերակ, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ նման խնդիր այս պահին դրված չէ: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Կառավարությունը հակված է ոչ թե կոշտ հարկաբյուջետային քաղաքականության, այլ ավելի մեղմ, տնտեսության ակտիվացմանն ուղղված քայլերի:

Ազգային ժողովում այս պահին դռնփակ արտահերթ նիստ է ընթանում, որտեղ քննարկվում է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Արտահերթ նիստը հրավիրել են ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր. Նախաձեռնությանը միացել են նաև խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am