Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ եւ լեհ հնագետները Մեծամորում Արգիշտի Առաջինի ջոկատների մարտերի արգասիքներ են գտել

Հայ եւ լեհ հնագետները Մեծամորում Արգիշտի Առաջինի ջոկատների մարտերի 
արգասիքներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լեհական արշավախումբը Մեծամորի քաղաքային թաղամասում պեղումների արդյունքում հետաքրքիր բացահայտումներ է արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

«Պեղել ենք Մեծամորի քաղաքային թաղամասը, որը գտնվում է միջնաբերդից հյուսիս: Դա նախկինում պեղումների տարածք չի եղել, երկու տարի է` ուսումնասիրում ենք: Բացվում է շատ հետաքրքիր կառույցների համակարգ, որոնք այրվել են, տանիքը փլվել է կառույցների մեջ, այսինքն` բավական հետաքրքիր հնագիտական նյութ ունեն իրենց մեջ: Թվագրվում է մոտավոր մ. թ. ա. 11-9 դարերով: Ամենայն հավանականությամբ` այս տարածքը 8-րդ դարի առաջին քառորդին Արգիշտի Առաջինի օրոք միացվել է Վանի թագավորությանը: Եվ այդ հրդեհները, հավանաբար, Արգիշտի Առաջինի ջոկատների գործունեության արդյունքն են»,-նշեց Աշոտ Փիլիպոսյանը` հավելելով, որ այդ ամենը շատ արագ է տեղի ունեցել, նպատակը եղել է, հավանաբար, քաղաքային այդ հատվածի թուլացումը և տարածքը Վանի թագավորությանը միացնելը:

Հնագետի տեղեկացմամբ` սենյակներից մեկում հայտնաբերել են հինգից վեց կարասներ, որոնք վերականգնողի կողմից ամբողջացման փուլում են գտնվում: «Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում դրանք կտեղադրենք նույն սենյակում ու լուսանկար կանենք»,-հայտնեց Աշոտ Փիլիպոսյանը: Պեղավայրում նաեւ կնոջ կմախք է հայտնաբերվել` առանց ոտքի թաթի ոսկորների, կմախքից երկու մետր հեռավորության վրա նաեւ` գանգ: Չի բացառվում, որ գանքը հենց նույն կմախքինն է եւ կատարվել է գլխատում եւ վերջույթների հատման ծես:

Համագործակցությունը լեհ գործընկերների հետ շարունակվում է. կտևի եւս երկու տարի: ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Լեհաստանի Վարշավայի համալսրանի Հնագիտության ինստիտուտը պայմանագիր են ստորագրել արշավանքներ իրականացնելու վերաբերյալ: Արդեն երկու տարի է համատեղ աշխատում ենք: Արդյունքները լավն են, նյութերը հրապարակելու ենք և Հայաստանում, և Լեհաստանում»,-ասաց հնագետը:

Պեղումներին այս ընթացքում մասնակցել են ուսանողներ Լեհաստանից, Սլովակիայից, մյուս տարի խմբին կմիանան մասնագետներ Ռուսաստանից, ինչպես նաև թուրք հնագետ է ցանկություն հայտնել աշխատել խմբի հետ Մեծամորում, ում թույլատրել են: «2015 թ. Մեծամորում պեղումների տարածքի մակերեսը կընդլայնվի: Բացի այդ` 2015-ին լրանում է Մեծամորի պեղումների 50-ամյակը, որին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում, հավանաբար, սեպտեմբերին»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am