Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար տնտեսական ակտիվ համագործակցության հեռանրակներ կբացի

ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար տնտեսական ակտիվ համագործակցության 
հեռանրակներ կբացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից: Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Եթե մի փոքր հեռվից նայենք աշխարհի քարտեզին, կտեսնենք, թե որքան վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե մենք ընտրեինք բաժանարար գծերի քաղաքականությունը: Ի պատիվ մեր երկրի ղեկավարության՝ Հայաստանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս հետագայում շատ հեշտ լուծել ծագող խնդիրները թե' տնտեսական, թե' ինստիտուցիոնալ բարեփոխումների, թե' անվտանգության ապահովման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Նրա խոսքով` հարկավոր է լավագույնս օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու, իսկ Վրաստանը՝ Եվրոպական Միության հետ ասոցացման ուղին: «Մենք կարող ենք Վրաստանի հետ սահմանը դիտարկել որպես սահման Եվրոպական միության հետ, իսկ Վրաստանը մեզ հետ սահմանը կկարողանա դիտարկել որպես սահման Եվրասիական տնտեսական միության հետ»,- նշեց Զաքարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում բոլոր հակասությունները կվերանան և գերակայելու են միայն տնտեսական շահերը, իսկ ԵՄ-ն և ԵՏՄ-ն կգնան սերտ համագործակցության ճանապարհով, ինչից էլ լավագույնս կարող է օգտվել նաև Հայաստանը:

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում պետք է ունենա սեփական օրակարգը: Նրա խոսքով՝ պետությունը պետք է ստեղծի բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանի բիզնեսն իր ուրույն տեղն ունենա ԵՏՄ հսկայական շուկայում:  «Վստահ եմ, որ 2015թ. հունվարի 2-ից ոչ թե միանգամից ավելանալու են մեր կարողությունները, այլ ստեղծվելու է տնտեսական միասնական միջավայր, որտեղ տնտեսական մեծ հորիզոններ են լինելու ակտիվ և շահավետ տնտեսական համագործակցության համար»,- եզրափակեց Զաքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am