Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վախթանգ Միրումյանը հարկային արտոնությունների ընդլայնումը վաղաժամ է համարում

Վախթանգ Միրումյանը հարկային արտոնությունների ընդլայնումը վաղաժամ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային արտոնությունների տրամադրումը միշտ էլ հրապուրիչ է բիզնեսի համար, սակայն ամբողջ տնտեսության տեսանկյունից հարկային արտոնություններն ունեն իրենց բացառիկ թերությունները: Այս մասին Ազգային ժողովում «Սահմանամերձ գյուղերում գործողությունների իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին` հարկային արտոնությունների տրամադրման քաղաքականության ընդլայնման վերաբերյալ: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է օրենքի հավասար կիրառությանը, հավասար տնտեսական մրցակցությանը և, իհարկե, հնարավոր վարչարարական և հսկողական ռիկսերին: Բնականաբար, սա առաջին քայլն է, և մենք կարծում ենք, որ քաղաքականության հետագա ուղությունները որոշելիս մենք պետք է ձեռքի տակ ունենանք այս արտոնությունների կիրառման արդյունքները: Կարծում եմ, որ այդ արդյունքների ամփոփումից հետո մենք կկարողանանք պատկերացում կազմել քաղաքականության ընդլայնման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե ինչպիսի վարչարարական երաշխիքներ կարող են լինել ներկայացված օրենսդրական նախաձեռնության կիրառումից հետո՝ Միրումյանը նշեց, որ երաշխիքներից մեկը, բնականաբար, հարկային մարմին-հարկատու շփումների կրճատումն է, որի ուղղությամբ կառավարությունը ներկայացրել է առաջարկներ: «Մեր երաշխիքը նաև տնտեսավավարող սուբյեկտների թիրախավորումն է, և նրանց հանդեպ վարչարարական լծակների կիրառումն է: Եվ մեր ամենագլխավոր երաշխիքը մեր հարկային աշխատակիցների պատշաճ վերապատրաստումն է, որի արդյունքում հետ կապված մենք բավականին դրական ակնկալիքներ ունենք: Մասնավորապես, Ազգային ժողովն անցյալ տարի ընդունեց նաև համապատասխան օրենք, որով մենք մեր հարկային, մաքսային ծառայողների վերապատրաստումը դարձրեցինք մշտական գործունեություն, այսինքն՝ մենք ձերբազատվեցինք այն իրավիճակից, երբ նախկինում 3 կամ 5 տարին մեկ անգամ հարկային տեսուչները կարող էին վերապատրաստում անցնել: Այժմ մենք մեր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում ենք վերապատրաստման շարունակական ծրագրեր, որոնք օդում չեն մնում և անմիջականորեն կապված են հարկային ծառայողների ատեստավորման եղանակաների հետ, ինչը բավականին լուրջ շարժառիթ է, որպեսզի նրանք կարողանան ունենալ համապատասխան գիտելիքներ և ցուցաբերել հարկային ծառայողին պատշաճ վարքագիծ: Մեր երաշխիքները դրանք են. մենք պետք է վերապատրաստման ծրագրերի իրականացման եղանակով փորձենք հասնել նրան, որ վարչարարության գործընթացը լինի թիրախավորված և անհարկի դրսևորումներ տեղի չունենան»,- նշեց Միրումյանը:

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջաններում գործունեության իրականացումն ազատել բոլոր տեսակի հարկերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am