Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում մեկնարկեց MAKE IN INDIA քարոզարշավը

Հայաստանում մեկնարկեց MAKE IN INDIA քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցավ MAKE IN INDIA քարոզարշավին նվիրված միջացառում, որը կազմակերպել էր Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատունը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հնդկաստանի նոր կառավարության իրականացրած աշխատանքները և Հնդկաստանի ներդրումային միջավայրը:

Բացման խոսքով հանդես եկավ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ով նշեց, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը կազմակերպել է միջոցառումը, որպեսզի ներկայացվեն Հնդկաստանի ներդրումային հնարավորությունները և այն, թե անցած 100 օրվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել երկրի նոր կառավարությունը տնտեսության զարգացման համար: 

Նա ընդգծեց, որ Հնդկաստանի նոր կառավարությունը փորձում է նոր քաղաքականություն իրականացնել: «Հնդկաստանի նոր կառավարությունը փորձում է, այսպես ասած, բաց դռների քաղաքականություն իրականացնել: Հնդկաստանը մեծ երկիր է և ունի լուրջ ծրագրեր ենթակառուցվածքների և ներդրումների առումով, և ես կարծում եմ, որ հայկական ընկերությունները նույնպես կարող են օգտվել այդ հնարավորություններից` լրացուցիչ եկամուտներ ունենալու և նոր տնտեսական ծրագրեր իրականացնելու համար»,- նկատեց Ռոբերտ Հարությունյանը:

Հայաստանում Հնդկաստանի  արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառման հրավերն ընդունելու համար: «Ինչպես գիտեք՝ Հնդկաստանում նոր կառավարություն է ձևավորվել: Կառավարությունը ձևավորվել է այս տարվա հունիսին և արդեն լրացել է կառավարության գործունեության 100 օրը: Մեր նոր կառավարությունը ձևավորվեց տնտեսական աճի և ներդրումային միջավայրի շատ ցածր մակարդակի պայմաններում, և հիմա մենք, նոր կառավարության օգնությամբ, փորձում ենք հաղթահարել այն դժվարությունները, որոնք ծառացել են մեր երկրի առջև: Այդ ուղղությամբ կառավարության կողմից մեծ ջանքեր են գործադրվում: Հնդկաստանը մեծ երկիր է և այնտեղ ներդրումներ կատարելու նոր հնարավորություններ կան, և այս միջոցառումների շարքը միտված է ներդրումային հնարավորությունների ներկայացմանը»,- նշեց Բաբուն:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսահոլովակ, որում մանրամասն ներկայացվում էին Հնդկաստանի նոր կառավարության 100 օրվա աշխատանքները, ինչպես նաև ապագա ծրագրերը, ներդրումային հնարավորությունները և դրանցից օգուտներ քաղելու եղանակները:

Միջոցառմանը մասնակցում էին  պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am