Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը փոխեց Զմյուռնիայի 20-ամյա գլխավոր ճարտարապետի ճակատագիրը

Հայոց ցեղասպանությունը փոխեց Զմյուռնիայի 20-ամյա գլխավոր ճարտարապետի 
ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միհրան Մեսրոպյանի անունը շատ նշանակալի է Վաշինգտոնի ճարտարապությունը հետազոտողների համար: Նա Հենրի Ուարդմանի` 1920-ականներին Վաշինգտոնի հայտնի կառուցապատողի, առաջատար ճարտարապետներից մեկն էր: Միհրան Մեսրոպյանը քաղաքում նախագծել է մի շարք ուշագրավ շենքեր, այդ թվում՝ Քարլթըն հյուրանոցը, Հայ-Ադամս հյուրանոցը, Ուարդմանի աշտարակը և այլն: Այս կառույցները մինչև օրս հանդիսանում են քաղաքի խորհրդանիշները: 

Նրա կյանքին ու գործունեությանն է անդրադարձել ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտը: «Արմենպրես»-ին հաղորդմամբ` Միհրան Մեսրոպյանի թոռնուհին` Քարոլայն Մեսրոպյան-Հիքմանը, ով ուսումնասիրում է իր պապի արվեստն ու կենսագրությունը, թանգարան-ինստիտուտի հետ կիսվել է իր հիշողություններով նրա մասին: 
Մեսրոպյանի կյանքի պատմությունը, սակայն, շատ ավելի տպավորիչ է: Նա ծնվել է վաճառականի ընտանիքում, Օսմանյան կայսրության Աֆյոն Գարահիսար քաղաքում: Բայց նրան վիճակված էր դառնալ արվեստի մարդ: 15 տարեկանում նա ընդունվել է Պոլսի հեղինակավոր Կայսերական Գեղարվեստի ակադեմիայի երկրորդ կուրս (Academie des Beaux-Arts), որն այժմ կոչվում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր ճարտարապետի, ծագումով հայ Սինանի անունով: 20 տարեկանում նա նշանակվել է Զմյուռնիա քաղաքի գլխավոր ճարտարապետ: Մասնակցել է նաև Պալյանների հայտնի գերդաստանի կառուցած Պոլսի հռչակավոր Դոլմաբահչե պալատի վերանորոգման աշխատանքներին: 
Բայց դժբախտաբար, Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը փոխեցին նրա ճակատագիրը: 
1914 թվականի օգոստոսին, Զմյուռնայում Զապել Մարթմանյանի հետ իր ամուսնությունից մի քանի ամիս անց Միհրան Մեսրոպյանը զորակոչվեց օսմանյան բանակ: Վերապատրաստություն անցնելով` 1914 թվականի հոկտեմբերին Մեսրոպյանը սկսում է ծառայել որպես կրտսեր լեյտենանտ: Որպես զինվորական ինժեներ մասնակցում է Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտին, լինում է ռուսական ճակատում, ապա տեղափոխվում է Պաղեստին և Սիրիա: 
Զինվորական ծառայությունների համար պարգևատրվել է երկու թուրքական պատվո մեդալներով և գերմանական Երկաթյա խաչով: 
Պատերազմից վերադառնալով Մեսրոպյանը տեղեկանում է, որ իր եղբոր ընտանիքն ու անչափահաս քույրը 1915 թվականին Աֆյոն Գարահիսարից տեղահանվել են, իսկ իրենց պատկանող գույքը առգրավվել է: Նրանց մասին որևէ տեղեկություն Մեսրոպյանն այլևս չի ստանում: 1921 թվականի օգոստոսին Մեսրոպյանն իր կնոջ և երկու որդիների հետ գաղթում է ԱՄՆ: 
Միհրան Մեսրոպյանի պատմությունը հիշեցնում է Սարգիս Թորոսյանի և մյուս հայերի կենսագրությունները, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայեցին Օսմանյան բանակում և միևնույն ժամանակ նրանց ընտանիքները դարձան Հայոց ցեղասպանության զոհ: 

- Հարգելի՛ Քարոլայն, կարող ե՞ք պատմել Մեսրոպյան ընտանիքի մասին, ովքե՞ր էին Միհրանի ծնողները:
-Միհրան Մեսրոպյանը Գասպար Մեսրոպյանի և Միրիամ Փալանջյանի որդին էր։ Նրանք ապրել են Աֆյոն Գարահիսարում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը թուրքեր էին: Հայկական և թուրքական աղբյուրներում նշվում է, որ 1914 թվականին շուրջ 6500 հայեր էին ապրում Աֆյոն Գարահիսարում, ինչպես նաև սակավաթիվ հույներ, հրեաներ և շուրջ 89 000 թուրքեր: 
Աֆյոն Գարահիսարը դեռևս 1860-ականներից երկաթուղիներով կապված էր օսմանյան մեծ քաղաքների՝ Պոլսի և Զմյուռնայի հետ: Քաղաքը հայտնի էր բարձր որակի ափիոնի և հացահատիկի, ինչպես նաև դեկորատիվ կահույքի արտադրությամբ: 
Մեսրոպյան ընտանիքի սերունդներն ապրել են Աֆյոն Գարահիսարում: Միհրանի հայրը, մեծ հայրը և գերդաստանի մյուս անդամներն ափիոնի և հացահատիկի վաճառականներ էին: Միհրանը ունեցել է երեք եղբայր և մի քույր: Նրա ծնողները մահացել են նախքան Առաջին համաշխարհային պատերազմը և մենք ենթադրում ենք, որ թաղվել են Աֆյոն Գարահիսարի հայկական գերեզմանատանը: 
- Արդյոք ճիշտ է՞, որ Մեսրոպյանը 15 տարեկանում նկարչական հմտության շնորհիվ ընդունվել է Պոլսի հեղինակավոր Կայսերական Գեղարվեստի ակադեմիա և միանգամից երկրոդ կուրս:
Ըստ Միհրանի բանավոր պատմության, որը պատմել է իր որդուն Ռալֆին` իմ հորը, նա նկարելու տաղանդ է ունեցել շատ վաղ տարիքում: Ավարտել է Աֆյոն Գարահիսարի ամենամեծ հայկական` Սահակյան վարժարանը, որտեղ ուսումնական ծրագիրը պատրաստված է եղել եվրոպական չափանիշներով: Միհրանի համար առանձնակի օգտակարություն են ունեցել մաթեմատիկան, նկարչությունը, գեղագրությունը և ձեռքի աշխատանքը: 
Այնպես որ, նա հնարավորություն է ունեցել զարգացնելու իր տաղանդը վաղ տարիքում: Դպրոցում սովորել է նաև հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և անգլերեն: Ֆրանսերեն լեզվի լավ իմացությունն օգնում է նրան Պոլսի Կայսերական գեղարվեստի ակադեմիա ընդունվելիս, որովհետև մի շարք ուսուցիչներ կամ ֆրանսացիներ էին, կամ էլ Ֆրանսիայում ուսանած թուրքեր: Միհրանը կարողանում էր նաև օսմաներենով կարդալ ու գրել: 
Այնպես որ Սահակյան դպրոցը նրան պատրաստել է ընդունվելու ակադեմիա: Ըստ Միհրանի պատմածի, նա ազատվեց առաջին կուրսի դասերից, որոնք հիմնականում նվիրված էին նկարչության և նմուշների կրկնօրինակմանը: 
- 1909 թվականին Մեսրոպյանը նշանակվել է Զմյուռնայի քաղաքի ճարտարապետ: Կ՞ա որևիցե տեղեկություն այդ ժամանակահատվածի իր գործերից, որևէ սևագիր կամ նկար:
-Զմյուռնայում որպես քաղաքային ճարտարապետ նա եղել է կառույցի ստուգման պատասխանատու, 1909-1912: Նա թողել է Զմյուռնիայում իր կողմից նախագծված կառույցների ամփոփ ցուցակը՝ մեկ հյուրանոց, ութ տուն, մեկ պահեստ, վաթսունչորս խանութներից բաղկացած մեկ շուկա, մեկ բանկ և ակումբ, քարե և բեթոնե շինություններ: Նա նաև մշակել է 1100 ակր տեղագրական քարտեզ` բաժանելով այն 1615 լոտերի, բացել է ոռոգման ջրանցքներ և պլանավորել է ֆերմերային տների հատվածներ: 
Ինչպես հայտնի է, Զմյուռնայի մեծ մասը հրդեհվել է 1922 թվականին` այդ թվում և քաղաքապետարանի փաստաթղթերը: Նրա գործերից մնացած միակ տեսանելի կառույցը վերևում նշված հյուրանոցն է, որը կառուցվել է 1912 թվականին: Այն պատկերը, որը Միհրանն իր հետ բերեց ԱՄՆ արված էր շենքի բացումից անմիջապես առաջ, այդ պատճառով էլ հյուրանոցի անունն ու հասցեն չգիտենք: 
Անցյալ տարի`2013-ի հոկտեմբերին, Զմյուռնիայում էի և շրջեցի հին քաղաքի մի քանի փողոցներում, բայց այդ շենքը չգտա: Կային 19-րդ դարի վերջերից և 20-րդ դարասկզբից մնացած շենքերի հիմքեր, որոնք պահպանվել են մինչ օրս, ուստի հնարավոր է, որ նրա շինություններից մեկը կամ մի քանիսը դեռ կանգնած լինեն: 
- Ի՞նչ գիտեք Միհրան Մեսրոպյանի` Առաջին համաշխարհային պատերազմի մասնակցության մասին: Ո՞ր մարտերում է նա մասնակցել: 
-Զմյուռնիայում Զապել Մարթամյանի հետ ամուսնանալուց մի քանի ամիս անց 1914 թվականի օգոստոսին Միհրանը զորակոչվել է թուրքական բանակ: 1914-ի հոկտեմբերին նա ավարտել է Բեյլերբեյի պահեստային սպաների դպրոցը որպես կրտսեր լեյտենանտ և նշանակվել է 4-րդ ամրոցների գնդում որպես ինժիներ: 
Հայտնի է, որ նա որոշ ժամանակ ծառայել է առաջին և երրորդ ստորաբաժանումներում: 1914 վերջերին նախ ուղարկվել է Դարդանել և մասնակցել Գալիպոլիի կռիվներին, ապա եղել է ռուսական ճակատում, որտեղ անց է կացրել սաստիկ ցուրտ ձմեռ, երբ ձյունը մի քանի ոտնաչափ խորությամբ էր նստել: Նա իհարկե պետք է ճանապարհորդեր պատմական Հայաստանի տարբեր շրջաններով դեպի ռուսական ճակատ: Նրա գումարտակը հետո ուղարկվեց Պաղեստին և Սիրիա: 
- Որքա՞ն ժամանակ նա մնացել է գերության մեջ Եգիպտոսում: 
-1918 թվականի աշնանը, բրիտանացիների և նրանց արաբ դաշնակիցների կողմից մեծ հարձակման արդյունքում, թուրքական 4րդ բանակային կորպուսի հիմնական մասը գերի էր վերցվել արաբ ոչ կանոնավոր զորքերի կողմից: Միհրանենց խումբն անջատվել էր հիմնական ստորաբաժանումից: 
Նրանք մի քանի օր թափառելուց հետո գերի էին տարվել արաբների կողմից: Նա 6 ամիս գտնվել է սպաների մի բանտում, 1918 թվականի ուշ աշնանից մինչև 1919 թվականի մայիս: 
Ըստ Միհրանի պատմածների, արաբները, որոնք գերեվարել էին իրենց խումբը, նպատակ են ունեցել բոլորին սպանել: Սակայն Թոմաս Էդվարդ Լոուրենսը, ով գտնվում էր այդ տարածքում միջնորդել է արաբներին` հիշեցնելով որ ռազմագերիներին մահապատժի չեն ենթարկում: Միհրանն այս մասին պատմել է մի քանի անգամ` նշելով, որ Թ.Է. Լոուրենսը փրկել է իր կյանքը: Չնայած նրան, որ ես այս դեպքի մասին փաստաթղթեր չեմ գտել, մենք կասկածելու հիմքեր չունենք: 
- Առաջին աշխարհամարտի ընթացքում ի՞նչ պարգևների և տիտղոսների է արժանացել Միհրան Մեսրոպյանը: 
-Միհրանը պահուստային բանակային կորպուսի լեյտենանտ էր: Դարդանելում իր մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է երկու թուրքական պատվո մեդալներով և գերմանական Երկաթյա խաչով: Նրա աշխատանքը ներառել է ճանապարհների, հանքերի և վարընթաց երթուղիների կառուցումը և վերանորոգումը, ամրոցների նախագծումը, տեղակայումը և տեղագրական քարտեզների գծագրումը: 
- Հայոց ցեղասպանությունը ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Մեսրոպյան ընտանիքի վրա: 
-Միհրանի երեք եղբայրներն ամուսնացած էին և ունեին ընտանիքներ, բայց նրանց անչափահաս քույրը` ոչ: Նրանք բոլորը 1915 թվականի օգոստոսին տեղահանվել էին Աֆյոն Գարահիսարից և նրանցից ոչ մի տեղեկություն չի ստացվել: Միհրանի հորեղբորորդիները նույնպես տեղահանվել են: 
Առաջին աշխարհամարտից հետո Միհրանը վերադարձել է Աֆյոն Գարահիսար և փորձել է վերադարձնել ընտանիքի ունեցվածքն, որ վաճառի, բայց չի հաջողվել: Մարդահամարի տեղեկությունները ցույց են տալիս, որ նա եղել է ոչ թե հայկական թաղամասում, այլ Հաջի Մուրադ շրջանում, որը Աֆյոն Գարահիսարի հարևանությամբ գտնվող հին քաղաքից դուրս գտնվող բազմաէթնիկ մի շրջան էր: 
- Ինչպիսին ե՞ք հիշում ձեր պապին, ինչպիսի՞ անձնավորություն էր նա: 
-Հյուսիսային Կարոլինայում մեծացող փոքրիկ մի աղջիկ էի, ընտանիքիս հետ այցելում էի պապիկիս տարին միայն երկու անգամ, նրան վերաբերվում էի մեծ հարգանքով: Նա ինձ օտար էր թվում, շատ պարփակված: Գոնե մեր այցելությունների ժամանակ քիչ էր խոսում: Բայց կարող եմ ասել, որ շատ խելացի էր և ընկալող, ինձ ու քրոջս հետևում էր բազեի նման: Նրա նկարներն ու ջրաներկի գործերը լցրել էին տունը, նրանք խորհելու համար հիասքանչ էին: Նա հաճախ լավ չէր լինում, ինչը հասկանալի է, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ նա դիմագրավել է իր երիտասարդ տարիքում: 
Հիշում եմ նաև, որ նա և տատս խոհանոցում միասին պատրաստում էին հայկական ճաշատեսակներ: Այսօրվա իմ հեռանկարներն ունենայի, նրա հետ իր փորձառության ու ճարտարապետության մասին մի շարք զրույցներ կունենայի: Ես միշտ ափսոսում եմ դրա համար: Բայց զգում եմ, որ իր կառույցների շնորհիվ ես լավ եմ ճանաչում նրան: Ես տարիներ շարունակ ուսումնասիրել եմ դրանք և մեծապես հպարտանում եմ իր ուշագրավ աշխատանքներով և այն ամենով, ինչ կարողացել է անել որպես գաղթական: Նա իսկական վերապրող էր: Նա ունեցել է տաղանդ և ԱՄՆ-ում հնարավորություն է ունեցել այդ տաղանդն օգտագործելու: 
- Ի՞նչ կարող եք ասել ճարտարապետության պատմության մեջ ձեր կարիերայի վրա նրա ունեցած ազդեցության մասին: 
-Ճարտարապետությունն իմ արյան մեջ է, հայրս նույնպես ճարտարապետ էր: Բայց ես ոչ մի գեղարվեստական տաղանդ չունեմ իմ քրոջ նման, ուստի որոշեցի ուսումնասիրել արվեստի և ճարտարապետության պատմությունը: Որքա՜ն հրաշալի է, որ ես մինչև հիմա ապրում եմ Վաշինգտոնում և կարող եմ հիանալ, ուսումնասիրել և գրել իր կառուցած շենքերի մասին: Սա հարատև կապ է, որի համար ես միշտ շնորհակալ կլինեմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am