Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հին Ջուղայի կրկնօրինակված խաչքարն օրհնվեց

Հին Ջուղայի կրկնօրինակված խաչքարն օրհնվեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Ջուղայի կրկնօրինակված խաչքարի օրհնության կարգ կատարվեց Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խաչքարը պատրաստել է ժողովրդական վարպետ, խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը, օրհնության կարգը մատուցեց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նախատեսվում է, որ օրհնված խաչքարը կկանգնեցվի հայկական Սփյուռքի գաղթօջախներից մեկում: 

Խաչքարագործի խոսքով` չնայած Աստված է օրհնում խաչքարը, բայց այդ պահին մատուցվեց մի ծես, որը ներկաների մոտ արթնացրեց հայ լինելու զգացումը: «Խաչքարը մեր դեմքի խալն է, մեր ականջը, մեր մարմնի ինչ-որ մասը: Խաչքարն ինձ համար մշակութային արժեք չէ, այն մեր ինքնության կարևոր մասն է: Այն մեր ինքնությունն է, մեր պատմությունը, մեր աղոթքը քարի լեզվով: Նաև Աստծո կնիքն է մեզ վրա` որպես առաջին քրիստոնյա ազգ»,-ասաց Վարազդատ Համբարձումյանը:

Անդրադառնալով Հին Ջուղայի խաչքարերի ավերմանը` խաչքարագործը մեծ ցավով ընդգծեց, որ մենք ընտելացել ենք այդ մտքին: «Տեսեք, թե ինչքան մշակութային արժեքներ ազգերն իրարից խլում են, ապացուցում են, որ իրենցն է: Ինչու խաչքարը մեզանից չեն գողանում, որովհետև վախենում են մեր ճակատագրին արժանանալ: Մենք առաջինը, Քրիստոսին չտեսնելով, գնացինք նրա հետևից ու նմանվեցինք Քրիստոսին: Մեզ անընդհատ խաչում են, մենք հարություն ենք առնում:

Հարձակվում են խաչքարերի վրա, որովհետև հասկանում են, որ դրանք կենդանի են, դրանք մեր ազգի զինվորներն են: Որքան սպանում են, այնքան շատանում են:

Մեր ծնված երեխայի մեջ կոդով դրված է խաչքար պատրաստելը: Մեր ծերունին ասում է` ապրեցի իզուր, որովհետև մի խաչքար չկարողացա պատրաստել: Ցանկություն կա մեր մեջ անընդհատ խաչքար կերտելու»,-շեշտեց վարպետը:

Մասնագետների խոսքով` 10 հազարից ավելի խաչքար է եղել Հին Ջուղայի տարածքում, որը տարբեր ժամանակներում ոչնչացվել է: Վերջին բնաջնջումն Ադրբեջանի կառավարության կողմից տեղի է ունեցել 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am