Աղի ֆտորացման ծրագրի ներդրման նպատակով Հայաստանում ուսումնասիրություններ կկատարվեն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը`Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ջեկ Սարոյանը նշել է, որ Հայաստանում ֆտորացման ծրագրի ներդրման նապատակով իր կողմից հետազոտություններ են կատարվել դեռևս յոթ տարի առաջ: Նա վստահ է, որ դրա ներդրումը Հայաստանում կնպաստի երեխաների շրջանում բերանի խոռոչի առողջության բարելավմանը` մասնավորապես կարիեսի կանխարգելմանը:
«Աշխարհում ֆտորացումն իրականացվում է երկու եղանակով` ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն առավել մատչելի կլինի Հայաստանի համար»,- ասել է պրոֆեսորը:
Նրա խոսքով` մեր երկրում երեխաների շրջանում կարիեսի տարածվածությունը ատամների ոչ ճիշտ մաքրման, անառողջ սննդի, քաղցրավենիքի չարաշահման արդյունք է:
ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրել է միջազգային փորձը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները: Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն առաջարկել է աղի ֆտորացման ծրագրի համար հետազոտություններ իրականացնելու համար խորհրդակցել Հայաստանում երկարամյա գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ:
Ջեք Սարոյանը և նրա գործընկեր Արմեն Գասպարյանը հավաստիացրել են, որ ԱՄՆ-ում պատրաստ են դրամահավաք իրականացնելու և հավաքագրված գումարն ուղղել Հայաստանում աղի ֆտորացման ծրագրի իրականացմանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է համատեղ իրականացնել հանրային առողջապահության այս ծրագիրը, որի ներդրման համար, սակայն, անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Հայաստանի բնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով իրականացնել համատեղ, գիտականորեն հիմնավորված հետազոտություն, որում կներգրավեն նաև Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Յունիսեֆի մասնագետները:
Հետազոտության իրականացումից հետո կհստակեցվեն աղի ֆտորացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և պայմանները: