Էմմին ներկայացրել է «Սարի աղջիկ» երգի իր տեսահոլովակը
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սեփականացման նկրտումներից փրկելու համար հայ էստրադային երգիչ-երգչուհիները շարունակում են ձայնագրել երգի իրենց տարբերակները, նկարահանել տեսահոլովակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությանը միացել է երգչուհի Էմմին, ով սեպտեմբերի 24-ին ներկայացրել է երգի իր տարբերակը: Տեսահոլովակի ռեժիսորն է Նիկ Եգիբյանը:
«Սարի աղջիկ» երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում: Երգի թուրքական տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև Ցեղասպանությունը կազմում էին հայերը: Երգը հայտնի է վիրահայերի և նրանց սերունդների շրջանում, քանի որ նրանց մեծ մասը գաղթել են Էրզրումից : Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա: Այս երգը հայկական են համարում նույնիսկ Թուրքիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում