Ֆրանսիացի օրենսդիրների այցերը նպաստում են Արցախ-Ֆրանսիա ջերմ հարաբերությունների ընդլայնմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 23-ինընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։
Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում