Հայաստանը կաջակցի Թուրքիայի ՍԴ դիմելու Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կաջակցի Կիլիկիո կաթողիկոսության՝ Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով Թուրքիայի ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի այդ մասին նախարարը: «Իսկ որևէ մեկը կարո՞ղ է այլ կարծիք ունենալ, որ նման կարևոր նախաձեռնությանը պետք է միայն աջակցել: Մենք աջակցելու ենք այդ նախաձեռնությանը»,- հայտարարեց նախարարը:
ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն արժանացավ ներկաների բուռն ծափահարություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հայներիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ, Արամ Ա-ն տեղեկացրել էր, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Արամ Ա-ն նաև նշել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու են իրենց նպատակին հասնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում