Կամերային նվագախումբը Ֆրանսիայից և Շվեյցարիայից վերադարձել է նոր հրավերներով
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 3-12-ը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբի մամուլի ծառայությունից, ՀՊԿՆ հանդես է եկել 8 համերգով, որոնցից 5-ը՝ Ֆրանսիայում, 3-ը՝ Շվեյցարիայում: Նվագախումբը վերադարձել է հյուրախաղերից՝ իր հետ բերելով նոր հրավերներ: Կամերային նվագախմբին երկու երկրներում էլ ջերմ են ընդունել: Բոլոր համերգների ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախումբը համագործակցել է ջութակահար Անաստասիա Շապովալի և թավջութակահար Խավիեր Չաթիլոնի հետ: Շրջագայությունների գագաթնակետը սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայացած համերգն էր, որն անցկացվեց Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: Համերգի ավարտին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այս երեկոյի համար: Վահան Մարտիրոսյանը երեկոյի ընթացքում հանդես է եկել նաև որպես դաշնակահար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում