Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տասնմեկ երկրների գրողներ կմասնակցեն «Գրական տապան» փառատոնին

Տասնմեկ երկրների գրողներ կմասնակցեն «Գրական տապան» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է հայ և եվրոպացի գրողներին Հայաստանում համախմբող «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից, միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: Արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:

Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների աշխարհի 11 երկրներից:  Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, կանցկացնեն մասնագիտական քննարկումներ և վարպետության դասընթացներ` երևանյան բուհերում:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:

Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում բրիտանացի հանրահայտ գրող Մեգ Ռոզոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանդիպումը կանցկացվի անգլերեն:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին, Երևանի Կամերային թատրոնում իր երկրպագուների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am