Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ցանկացած առաջարկ

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 
ցանկացած առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունները պատրաստ են քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ցանկացած առաջարկ, որ կներկայացնի ՀՅԴ-ն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների սեփական փաթեթ ներկայացնելու ՀՅԴ-ի որոշումը: «Եթե կլինեն առաջարկներ, որոնք կբխեն մեր ընդհանուր գաղափարներից, մենք պատրաստ ենք դրանք քննարկել, բանավիճել դրանց շուրջ, ընդունել դրանք: Եվ ոչ միայն ՀՅԴ-ի առաջարկները, պատրաստ ենք լսել և քննարկել ցանկացած քաղաքական ուժի դիտարկում: Մենք ասում ենք եկեք քննարկենք, սակայն երբ գալիս է քննարկումների պահը, նրանք հրաժարվում են»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ իրենք միշտ էլ ասել են, որ ցանկացած առաջարկի շուրջ պատրաստ են քննարկումներ ծավալել, սակայն երբ գալիս է քննարկումների պահը, շատ քաղաքական ուժեր հրաժարվում են մասնակցել դրանց: «Ես մի հետաքրքիր տրամաբանություն եմ նկատել. եթե իրենք կողմ են՝ մենք դեմ ենք, եթե մենք կողմ ենք՝ իրենք դեմ են: Բայց ՀՅԴ-ն կարծես այդպես չի մտածում արդեն: Նրանք ասում են՝ եկեք մենք էլ մեր առաջարկները ներկայացնենք և քննարկենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորը պետք է հասկանան, թե վաղվա համար ինչ է անհրաժեշտ, ոչ թե մտածեն, թե այս կամ այն քաղաքական ուժի համար ինչն է ձեռնտու:

Անդրադառնալով քառյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշմանը՝ Բաղդասարյանը նշեց, որ դա եղել է ՀՅԴ քաղաքական խորհրդի որոշումը: «Նրանք հավանաբար հասկացել են, որ բոլոր հարցերն իրենք կարող են բարձրացնել խորհրդարանում և քննարկման առարկա դարձնել և մարդկանց փողոց հանելու կարիք չեն տեսել: Ի՞նչ է նշանակում հանել փողոց: Իմ կարծիքով՝ ՀՅԴ-ն հասկացել է, որ պետք չէ սրել ներքաղաքական իրավիճակը, լարվածություն մտցնել, որովհետև դա օգուտ չի բերում որևէ երկրի: Եթե նրանց խնդիրն իշխանության գալն է՝ դրա համար կա սահմանադրական ճանապարհ: Իրենց ուզածը մի բան է՝ իրենք ցանկանում են իշխանության գալ, սակայն իրենք էլ չգիտեն, թե ով և ինչպես: Իրենք ասում են դուք գնացեք մենք գանք, սակայն այդպես չի լինում»,- նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենց չի մտահոգում այն հանգամանքը, որ քառյակի անդամ երեք քաղաքական ուժերը հանրահավաքից առաջ մարզային այցելություններ են կազմակերպելու: Պատգամավորի համար պարզ չէ, թե այդ քաղաքական ուժերն ինչի մասին են խոսելու մարդկանց հետ: «Ինչի՞ մասին են խոսելու մարդկանց հետ: Սահմանադրական բարեփոխումների մասի՞ն են խոսելու, որոնց իրենք մի ժամանակ կողմ էին»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր այն պահն է, երբ մոդելի փոփոխություն է անհրաժեշտ, քանի որ քաղաքական դաշտում լճացում է նկատվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am