Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սեւան քաղաքում շահագործման հանձնվեց մարզամշակութային նոր կառույց

Սեւան քաղաքում շահագործման հանձնվեց մարզամշակութային նոր կառույց

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան համայնքի եւ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության քառամյա համագործակցության արդյունքում` 2013 թվականից կառուցվեց  եւ 2014-ի սեպտեմբերի կեսերից շահագործման հանձնվեց Սեւան քաղաքի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը` Սայաթ-Նովա անունը կրող պուրակի մի մասում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, այն հավակնում է դառնալ սեւանցիների, քաղաք այցելողների եւ հյուրընկալվածների ժամանցի, մարզական առօրյայի կազմակերպման ներկայանալի վայրերից մեկը:

Մարզահրապարակի կառուցումն  ապահովվեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված 18 մլն դրամ դրամաշնորհի, ՀՀ կառավարության կողմից հատկացված 16.3 մլն դրամի, համայնքային 17մլն դրամի ներդրմամբ: Ծրագիրը իրողություն դարձավ նաեւ անցած տարվա աշնանը կազմակերպված հեռուստամարաթոնի շնորհիվ, որին ակտիվ մասնակցեցին  սեւանցիները:

Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի բացումը վերածվեց համաքաղաքային մարզամշակութային մեծ տոնախմբության: Մեկ օրվա մեջ ամփոփվեց 2 տոնակատարություն` ծրագրի շնորհանդեսի արարողությունը եւ մարզական փառատոնի անցկացումը: Սեւանցիներին շնորհավորելու եւ նրանց հետ հերթական կարմիր ժապավենը կտրելու արարողությանը մասնակցում էին «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատասխանատուները, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները:

Միջոցառմանը մեկնարկը տրվեց կարմիր ժապավենի կտրմամբ, որի պատիվը վերապահված էր Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին եւ ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչ Քեթրին Դոուլին: Այնուհետև մարզահրապարակը հյուրընկալեց սեւանցիներին, հյուրերին, ում իրենց մարզական շքերթով ողջունեցին համայնքի դպրոցների, քոլեջի, Վազգենյան դպրանոցի, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներն ու մարզիկները:

Ներկաներին ողջունեց, շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:  Հերթական ծրագրի բարեհաջող իրականացման համար սեւանցիներին ողջունեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչ Քեթրին Դոուլը: Նա եւս մեկ անգամ շեշտեց մարզական այս կառույցի դերը համայնքային կյանքի աշխուժացման գործում, կարեւորեց երիտասարդների մասնակցությունը, արժեվորեց այն համագործակցությունը, որի շնորհիվ Սեւան համայնքը գործընկերային հաստատուն ճանապարհ է անցել: Ներկաներին ողջունեցին «Սեւան» և «Սուինա-Սեւան» պարային համույթների սաները, որին հաջորդեցին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաների` կարատեի եւ բռնցքամարտի ցուցադրական ելույթները:

Հանդիսավոր արարողությանը հետևեց մարզական փառատոնի անցկացումը, որն ունի 11-ամյա կենսագրություն: Ժամեր շարունակ մասնակիցներն ու մարզիկները իրենց ուժերը չափեցին 7 խաղամարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, նարդի, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, կոխ: Փառատոնն անցավ կազմակերպված, որին հաջորդեց մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին եւ թիմերին պատվոգրեր եւ նվերներ հանձնելու արարողությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am