Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում աշխատանքն է սկսել համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը: Նրա առաջին նիստը բացել է ԳԱ-ի նախագահը՝ ուգանդացի դիվանագետ Սեմ Կուտեսա Կահամբան:

Ազդարարելով նոր նստաշրջանի սկսվելը՝ նա «լռության, աղոթքի եւ խորհրդածելու» րոպե Է հայտարարել: ԳԱ-ի նիստին մասնակցում են ՄԱԿ-ի անդամ 193 երկրների պատվիրակները, ինչպես նաեւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ելույթ ունենալով ԳԱ-ի ամբիոնից՝ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը հայտարարել է, որ առաջիկա տարին «պետք է դառնա գործողությունների ժամանակաշրջան, արդյունքների ժամանակաշրջան»: «Մեզ սպասում են լուրջ փորձություններ, ինչպես նաեւ մեծ ակնկալիքներ խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների հարցերում: Մենք դրանցով անմիջականորեն կզբաղվենք արդեն այս ամսին՝ անցկացնելով բարձր մակարդակի հանդիպումներ, որպեսզի խոչընդոտենք կլիմայի փոփոխման իրական սպառնալիքին, պաշտպանենք աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքներն ու հնարավորությունները, համախմբվենք հանուն կանանց ու աղջիկների առողջության բաելավման, դիմակայենք Էբոլա վիրուսի համաճարակին եւ հակազդենք խաղաղության ու անվտանգության բազմաթիվ մարտահրավերներին»,- ասել է Պան Գի Մունը:

Նոր նստաշրջանի աշխատանքի առավել կարեւոր ու հագեցած փուլը կսկսվի արդեն հաջորդ շաբաթ. սեպտեմբերի 23-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա կլիմային նվիրված մեկօրյա գագթնաժողովը, որը հրավիրվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Հաջորդ օրը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կբացվեն ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը, որոնց կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 անդամները, ինչպես նաեւ Պաղեստինը, որը 2012 թվականից դիտորդ պետության կարգավիճակ ունի ՄԱԿ-ում: Հիմնականում պատվիրակությունները ներկայացված կլինեն պետությունների, կառավարությունների եւ ԱԳ նախարարությունների ղեկավարների մակարդակով:

Առանձնակի ուշադրություն կգրավի նստաշրջանի առաջին եւ երկրորդ օրվա աշխատանքը: Սեպտեմբերի 24-ին Գլխավոր ասամբլեայի ամբիոնից երկրներին կդիմի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Հաջորդ օրը պլանավորված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am